ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող երեք երկրների համանախագահները' Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովն (Ռուսաստանի Դաշնություն) ու Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) չեն ծրագրում օգոստոսի 8-9-ն այցելել Սոչի եւ ներկա գտնվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպմանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից ասացին, որ համանախագահների առաջիկա ծրագրերում Սոչի այցելություն չկա: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Սոչի այցելության ծրագրեր չունեն»,- ասացին դեսպանատնից:
Օգոստոսի 2-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գավառ կատարած աշխատանքային այցելության ժամանակ հայտարարել էր, որ օգոստոսի 8-9-ը Սոչիում կկայանա Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը: Աբրահամյանը հույս էր հայտնել, որ հանդիպումից հետո սահմանին լարվածությունն ավելի կթեթեւանա: Սոչիում Սարգսյանն ու Ալիեւը կհանդիպեն 19-րդ անգամ: Նախորդը հանդիպումը կայացել էր 2013թ. նոյեմբերի 19-ին Վիեննայում: