Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Նյուպորտ քաղաքում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի /ISAF/ առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվել է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՆԱՏՕ-Անվտանգության աջակցության միջազգային ուժեր ձևաչափով վերջին այս hանդիպմանն ամփոփվել են Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի առաքելության արդյունքները և նախանշվել նոր՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելության ուղղությունները:

 

Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Հանրապետության Նախագահը նախ ողջունել է հյուրընկալ երկրի՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին, հանդիպման մասնակիցներին, այդ թվում' աֆղան գործընկերներին:

 

«Որպես ՆԱՏՕ-ի գործընկեր և միջազգային անվտանգության ապահովմանն իր մասնակցությունը բերող պետություն' Հայաստանը 2010թ. փետրվարից ներգրավվեց Աֆղանստանի Միջազգային անվտանգության աջակցության ուժերում՝ մեկ տարի անց' 2011թ. հուլիսին, եռապատկելով իր զորախմբի թվաքանակը:

 

Անցած չորս ու կես տարիների ընթացքում հայ խաղաղապահները Միջազգային անվտանգության աջակցության ուժերի շրջանակներում ձեռք բերեցին փոխգործակցության անգնահատելի փորձ: Հատուկ կառանձնացնեմ Գերմանիայի հետ Հայաստանի արդյունավետ համագործակցությունը, որը, վստահաբար, ՆԱՏՕ-ի անդ ամ և գործընկեր երկրների փոխգործակցության լավագույն և ուսանելի օրինակ է»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

 

Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայաստանում լավ գիտեն թե' անվտանգության, թե' խաղաղության գինը։ Սերժ Սարգսյանի խոսքով, դրանց համար մեր երկիրն ստիպված է պայքարել գրեթե ամեն օր։ «Վաղը այստեղ, այս նույն դահլիճում փաստաթուղթ է ընդունվելու, որը կապ ունի իմ ժողովրդի անվտանգության ու մեր տարածաշրջանի խաղաղության հետ։ Երկու տարբերակ կա. կա'մ կընդունվի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ զբաղվող միակ մասնագիտացված միջազգային կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարը, որն այստեղ առաջարկվում ու պաշտպանվում է համանախագահո ղ երկրների կողմից, այստեղ' ի դեմս ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, կա'մ կրկին կանցնի սեփական ժողովրդի աչքում մեր հարևան բռնապետի դեմքը փրկել ցանկացող մեկ այլ անդամ երկրի լոբբինգը, որը, հավատացնում եմ ձեզ, որևէ լավ տեղ չի տանում։ Կա'մ կհաղթեն առողջ բանականությունն ու խաղաղության ձգտումը, կա'մ կրկին լուռ խրախուսված կմնան այլատյացության խորացումը, պատերազմի հռետորությունն ու մարդկային կյանքեր խլող ապագա բոլոր սադրանքները, որոնք այդպես հեշտորեն հրահրում է սեփական զինվորի կյանքին որևէ արժեք չտվող ու նման թղթերից թևեր առնող Ադրբեջանը»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը։