«Մարդու իրավունքների պաշտպանության դիտարան» (OBS) կոչված կազմակերպությունը, որը 1997 թվականին հիմնել են Մարդու իրավունքների գծով միջազգային ֆեդերացիան (FIDH) եւ Խոշտանգումների դեմ միջազգայի կոմիտեն, հունվարի 14-ին հանդես է եկել Ադրբեջանում ձերբակալված իրավապաշտպաններ Ռասուլ Ջաֆարովի եւ Ինթիգամ Ալիեւի դատաքննությունների սկսվելուն առնչվող հայտարարությամբ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կազմակերպությունը հայտարարության մեջ այդ դատերը անվանել է «իրավապաշտպանների բերանը փակելու նպատակով առաջին դատական քննություններ»:

 

Կազմակերպության դիտորդական խումբը հունվարի 4-8-ը Բաքվում փորձել է հանդիպել Ջաֆարովի եւ Ալիեւի հետ: Նրանք նաեւ ցանկացել են այցելել բանտերում գտնվող իրավապաշտպաններ Խադիջա Իսմայիլովային, Լեյլա եւ Արիֆ Յունուսներին, Բաշիր Սուլեյմանլըին եւ Հիլալ Մամեդովին:

 

Չնայած համառ խնդրանքներին, ադրբեջանական իշխանությունները որեւէ հանդիպում թույլ չեն տվել: Առաքելությանը հաջողվել է հանդիպել ձերբակալվածներից միայն մի քանիսի փաստաբանների հետ:

 

Ադրբեջանի իշխանություններն ամեն բան անում են, որպեսզի ձերբակալված իրավապաշտպաններին թողնեն առանց հուսալի պաշտպանության եւ հետապնդում են նաեւ նրանց փաստաբաններին:

 

«Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը վերջին ամիսներին ենթարկվում է լուրջ ճնշման եւ հետապնդումների: Հիմքեր կան ենթադրելու, որ Եվրոպական խաղերի անցկացումից առաջ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրավիճակն ավելի կվատանա», -նշվում է հայտարարության մեջ: