Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 16-ին մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին' նվիրված 2014թ. արդյունքների ամփոփմանը և 2015թ. անելիքներին:
Իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է բանակաշինության գործընթացին, նշել ձեռքբերումներն ու առկա հիմնախնդիրները: Նախագահը 2014 թվականին իրականացված աշխատանքները գնահատել է բավարար: Բակո Սահակյանն ընդգծել է, որ խնդիրները, որոնք լուծում է Պաշտպանության բանակը, եղել են, կան և կմնան մեր պետության համար ամենակարևոր ու առանցքային ուղղություններից:
Խոսելով այս տարվա անելիքների մասին՝ ԼՂՀ նախագահը հատուկ շեշտել է, որ 2015 թվականի քաղաքական օրացույցը բավականին հագեցած է համազգային և համապետական մի շարք կարևորագույն միջոցառումներով, որոնք լրացուցիչ զգոնություն ու պատրաստվածություն են պահանջելու նաև զինված ուժերից, հատկապես որ նման ժամանակահատվածներում զինադադարի ռեժիմի կոպիտ խախտումները և իրավիճակի ապակայունացմանն ուղղված փորձերը դարձել են հակառակորդի որդեգրած քաղաքականության հիմքերից մեկը: Սահակյանն ընդգծել է, որ ագրեսորը միշտ պետք է իմանա, որ մենք ավելի ուժեղ ենք, ավելի համարձակ և արժանի հակահարված կտանք մեր անկախության, անվտանգության և արժանապատվության դեմ ուղղված ցանկացած ոտնձգության:
Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին ու բանակի բարձրագույն սպայական անձնակազմին' զինված ուժերի առջև ծառացած խնդիրների պատշաճ լուծման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք: