ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է կանանց վրաերթի ենթարկած և դեպքի վայրից փախուստի դիմած մի շարք վարորդների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հունվարի 15-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել Մուրացանի և Ռոստովյան փողոցների խաչմերո ւկում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից 1959 թ. ծնված Մարինե Դ.-ին վրաերթի ենթարկելու մասին:

 

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 16-ին, ժամը 18.30-ին, բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Հարություն Հ.-ն և խոստովանել, որ նշված վրաերթը, «Նիսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը: Քննությունը շարունակվում է:

 

Հունվարի 15-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել Ազատության պողոտայի թիվ 11 շենքի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից 1941 թ. ծնված Սվետլանա Պ.-ին վրաերթի ենթարկելու մասին: Ոստիկանության ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 16-ին, ժամը 15.20-ին, բաժին է ներկայացել 1972 թ. ծնված Անանիա Հովհաննիսյանը և խոստովանական բացատրություն տվել, որ ինքն է վրաերթի ենթարկել կնոջը՝ իր վարած «ԳԱԶ-322132» մակնիշի ավտոմեքենայով: