Նավթի գների անկման ֆոնին Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) ձգտում են ազատվել ածխաջրածինների արտահանումից ունեցած կախվածությունից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Գրեթե ամեն շաբաթ երկրի ղեկավարները խոսում են ազգային տնտեսության՝ նավթի հետ չկապված այս կամ այն հնարավորությունների մասին: Ինչպես նշում է National թերթը, Էմիրությունների կայուն դրության ապացույց պետք է ծառայի Դուբայի կողմից արեգակնային էլեկտրաէներգիայի կրկնակի ավելացումը:
Թերթի տվյալներով՝ 2015 թվականի մարտի վերջին Դուբայում կսկսվի արեգակնային էլեկտրաէներգիայի գործարանի կառուցման՝ հավակնոտ նախագծի իրագործումը: Էմիրության Ջրօգտագործման և էլեկտրաէներգիայի ծառայությունը որոշում է ընդունել ձեռնարկության նախագծային կարողությունը կրկնակի՝ մինչև 200 մեգավատ ավելացնելու մասին, ինչը թույլ կտա ապահովել շուրջ 200 հազար շենքերի էլեկտրամատակարարումը:
Գործարանի մակերեսը կկազմի 4,5 քառակուսի կիլոմետր: Ենթադրվում է, որ մինչև 2030 թվականն Էմիրությունում ամբողջ արտադրվող էներգիայի 5 տոկոսը պետք է բաժին ընկնի արևամարտկոցներին:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ տասնհինգ տարի հետո Դուբայում պետք է ավարտվի Մերձավոր Արևելքում ամենամեծ «Արեգակնային պարկի» շինարարությունը, որը կմիավորի արևային էներգիայի արտադրության մի քանի հզոր գործարաններ: Այդ ձեռնարկությունների ընդհանուր հզորությունը պետք է կազմի շուրջ հազար մեգավատ: