ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, որպեսզի ցավակցություն հայտնի մահացածների հարազատներին, ինչպես նաև ամբողջ հայ ազգին՝ Գյումրիում կատարված ողբերգության կապակցությամբ, որտեղ սպանվեց ամբողջ ընտանիք: Այս մասին գրում է Russia Today միջազգային ինֆորմացիոն գործակալությունը:

 

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսային զրույց են ունեցել, որի ընթացքում կողմերը քննարկել են Գյումրի քաղաքում ընտանիքի սպանության շուրջ ստեղծված իրավիճակը: Այդ մասին, ինչպես փոխանցել է ՏԱՍՍ-ը, հաղորդել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

«Պուտինը վստահություն է հայտնել, որ բոլոր անհրաժեշտ քննչական գործողությունները կանցկացվեն ամենասեղմ ժամկետում, և մեղավորները պատիժը կկրեն ըստ օրենքի»,- հաղորդել է Պեսկովը:

 

«Պուտինը նաև հույս է հայտնել, որ Գյումրիում գտնվող ռուս բժիշկներն իրենց հայ կոլեգաների հետ բարձրակարգ բուժօգնություն կցուցաբերեն ողբերգությունից փրկված 6 ամսական Սերյոժա Ավետիսյանին:

 

«ՌԴ նախագահն իր հայ կոլեգային հավաստիացրել է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը պատրաստ է բժշկական ինքնաթիռ ուղարկել, որպեսզի երեխային տեղափոխեն Մոսկվա՝ հետագա բուժման համար»,- հավելել է մամուլի քարտուղարը:

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

 

Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս և հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: Պերմյակովը խոստովանել է մեղքը: