ՀՀ կառավարության որոշմամբ 2014 թվականի ընթացքում Արարատի մարզում իրականացվելիք 37 շինարարական ծրագրերի համար հատկացվել էր 682 մլն 500 հազար դրամ: Այդ աշխատանքների ընթացքում նախատեսված է եղել իրականացնել 23 կրթական օբյեկտների եւ 14 ճանապարհների հիմնանորոգման ծրագրեր: Հիշյալ աշխատանքների համար տրամադրվել է, համապատասխանաբար, 330 մլն դրամ եւ 352 մլն 500 հազար դրամ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Լեւոն Խաչատրյանը, նախորդ տարվա ընթացքում ավարտվեցին 37 շինարարական ծրագրերից 34-ի աշխատանքները: Սիս, Բերդիկ եւ Ջրահովիտ համայքների դպրոցներում 28 մլն 300 հազար դրամի չափով նախատեսված աշխատանքները դեռ ընթացքի մեջ են, որոնք կշարունակվեն նաեւ այս տարի:

 

Շինարարական աշխատանքները մարզում մեկնարկել էին օգոստոսից: Կրթական օբյեկտներում կատարվել են վերանորոգման, ներքին հարդարման, գազաֆիկացման, պատուհանների եւ դռների փոփոխման, ջեռուցման համակարգի կառուցման, տանիքի վերանորոգման աշխատանքներ: 14 ճանապարհների հիմնանորոգման ծրագրով իրականացվել են կոպճապատման, ասֆալտապատման եւ փոսային նորոգման ճանապարհաշինական աշխատանքներ:

 

Խաչատրյանն ընդգծեց, որ կատարված բոլոր շինաշխատանքներն իրականացվել են խիստ եւ ամենօրյա հսկողության ներքո, կատարվել են լավ որակով:



Լիլիթ Մաճկալյան