Քեսաբում երկու շաբաթից ավելի տևած բուք ու բորանից հետո ձնհալ է սկսվել:

 

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սփյուռքահայության շտապ օգնության գործադիր մարմնի անդամ Կարո Մանճիկյանը՝ ավելացնելով, որ մի քանի օր Քեսաբը հսանքազրկված է եղել: Նրա խոսքով' իրավիճակը լավ է, հանգիստ, բախումներ չկան: «Պետությունն ավելի է ուժեղացրել Քեսաբի անվանգության ապահովումը»,- նշեց նա:

 

Ինչ վերաբերում է դեկտեմբերի վերջին թուրք-սիրիական սահմանին նկատված շարժումներին, Մանճիկյանը նշեց, որ տարաձայնություններն անցել են, սակայն ստեղծված փոքր-ինչ լարվածությունը ազդել է մարդկանց տոնական օրերի տրամադրությունների վրա:

 

Ավելի վաղ՝ դեկտեմբերին, լուրեր էին հասել Քեսաբ' թուրքական սահմանին ինչ-որ շարժումներ նկատվելու մասին: Այդ առիթով Կարո Մանճիկյանը նշել էր, որ Քեսաբում մտահոգիչ որևէ դեպք տեղի չի ունեցել, սակայն ապահովության համար փոքրերին և տարեցներին տեղափոխել են Լաթաքիա:

 

Քեսաբը սիրիական բանակի կողմից ազատագրվել է հունիսի 15-ին, և բնակչության մեծ մասը վերադարձել է այնտեղ: Քեսաբի բոլոր հաստատությունները, տները և բնակարանները, առանց բացառության, վնասներ էին կրել:
Քեսաբի շրջանի վրա հարձակումն սկսվել էր մարտի 21-ին' Թուրքիայի սահմանի ութ կետերից: Հարձակումն իրականացրել էին «Ջաբհա ան Նուսրա» եւ «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումները' Թուրքիայի կառավարության անմիջական աջակցությամբ: