ԱՊՀ երկրներում 12-ամսյա գնաճի ցուցանիշով առաջին տեղում Ուկրաինան է, որտեղ 2014թ. դեկտեմբերին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, արանագրվել է 24.9 տոկոս գնաճ: Հայաստանում նույն ժամանակահատվածում գնաճը կազմել է 4.6 տոկոս:

 

Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը, ԱՊՀ երկրների թվում գնաճի տասնորդական ցուցանիշներ են ունեցել նաև Եվրասիական տնտեսական միության անդամ Ռուսաստանը և Բելառուսը:

 

«Բելառուսում 12-ամսյա գնաճը կազմել է 16.2 տոկոս, Ռուսաստանում' 11.4 տոկոս, իսկ Ղրղզստանում' 10.5 տոկոս: ԱՊՀ մյուս երկրները ունեցել են ավելին ցածր ցուցանիշներ, իսկ հարևան Վրաստանում գրանցվել է ա մենացածր գնաճը' 2 տոկոս»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Մարտիրոսյանը:

 

Նա հայտնեց, որ 2014 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ԱՊՀ տարածաշրջանում և Վրաստանում ամենաբարձր գնաճը արձնագրվել է Հայաստանում և Ուկրաինայում' 3-տոկոս: «Ռուսաստանում դեկտեմբերին գնաճը կազմել է 2.6 տոկոս, Ղրղզստանում 1.4 տոկոս, իսկ մյուս երկրներում գնաճը չի գերազանցել 1 տոկոսը: Վրաստանում դեկտեմբերի ամսին գնաճը կազմել է 0.7 տոկոս»,- նշեց Մարտիրոսյանը:

 

Հայաստանի սպառողական շուկայում 2014թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, արձանագրվել էր 3տոկոս գնաճ: Պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել էին 5.1 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.2 տոկոսով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.7 տոկոս հավելաճ: