Ամերիկյան «Ֆինանսական օրինավորության համաշխարհային կազմակերպության» (Global Fnancial Integrity - GFI) տվյալներով՝ Թուրքիայում լվացվող փողերի տարեկան մակարդակը միջին հաշվով կազմում է 3 միլիարդ 560 միլիոն դոլար: Ըստ կազմակերպության՝ սև փողերի լվացման ցուցանիշով 145 երկրների մեջ Թուրքիան զբաղեցնում է 26-րդ տեղը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական T 24 լրատվական կայքը, 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Թուրքիայում բացահայտված անօրինականությունների և կաշառքի հետ կապված գործողություններից հետո սև փողերի լվացման հարցում Թուրքիան հետ է թողել աշխարհի շատ երկրների: Կազմակերպությունը հայտնել է, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության 2003-2012 թվականներին այդ երկրից ապօրինի կերպով դուրս է բերվել և լվացվել 35 մլրդ 601 մլն դոլար:
Կազմակերպությունը հայտնել է, որ սև փողերի լվացման մակարդակով Թուրքիան հետ է թողել այնպիսի երկրների, ինչպիսիք են Ուգանդան, Անգոլան, Եթովպիան, Քուվեյթը, Կոլումբիան, Զամբիան, Մոզամբիկը, Ջամայկան, Պակիստանը, Հորդանանը և այլ երկրներ: