Եմենի պաշտպանության նախարար Մահմուդ աս Սուբահիի վրա հունվարի 20-ին հարձակում է իրականացվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նա, բարեբախտաբար, ողջ է մնացել, սակայն տեղեկություններ չեն հաղորդվում նրա առո ղջական վիճակի մասին: Հարձակումը տեղի է ունեցել, երբ նախարարը դուրս էր գալիս նախագահական նստավայրից:

 

Եմենի մայրաքաղաք Սանայում հունվարի 19-ին շիա ապստամբները շրջապատել են վարչապետ Խալիդ Մահֆուզ Բահահայի նստավայրը: Ավելի վաղ հայտարարվել էր կրակի դադարեցման մասին համաձայնագրի ուժերի մեջ մտնելու մասին: Անվտանգության ուժերի և շիա ապստամբների՝ հոուշիների միջև բախումների կենտրոն էր դարձել նախագահական նստավայրի շրջանը:

 

Մի քանի ժամ շարունակվող բախումների հետևանքով զոհվել էր 8 մարդ, վիրավորվել ևս 67-ը:

Եմենի իշխանությունները իրադարձությունները համարել են պետական հեղաշրջման փորձ:

 

Օգոստոսին շիա ապստամբները երկրի տարբեր հատվածներում հանրահավաքներ էին կազմակերպել այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարել էին բենզինի թանկացման մասին: Մեկ ամսի անց բախումներ էին սկսվել անվտանգության ուժերի և շիաների միջև, որոնց արդյունքում շիաներին հաջողվել էր գրավել մայրաքաղաքի մի քանի շրջաններ, այդ թվում' պետական շինություններ: