ԱՄՆ Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղի ուսանողական խորհուրդը միաձայն որոշում է կայացրել զրկել Թուրքիայի Հանրապետությանը այդ երկրում համալսարանի կատարելիք 72.6 մլն դոլար արժողությամբ ներդրումներից և պարտատոմսերիցˋ այդ երկրի կատարած հանցագործությունների և Հայոց ցեղասպանության շարունակական ժխտողականության համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով համալսարանի պաշտոնական կայքէջը, Կալիֆորնիայի համալսարանի ուսանողների խորհուրդն իր որոշումն ամրագրել է հատուկ բանաձևով, որը առավել լայնամասշտաբ #DivestTurkey նախաձեռնության մասն է կազմում: Այն կազմակերպել է Միացյալ Նահանգների Արևմտյան շրջանի Հայկական երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ), որը կոչ է անում ԱՄՆ կրթական հաստատություններին հրաժարվել Թուրքիայի Հանրապետությունում կատարած իրենց ներդրումներից:
«#DivestTurkey նախաձեռնությունը մեկնարկել է կապ հաստատելու և ռեսուրսներ տրամադրելու ԱՄՆ համալսարանների ուսանողներին և ակտիվիստներին' հորդորելով հրաժարվել Թուրքիայի Հանարպետությունում իրենց կատարելիք ներդրումներից քանի դեռ Հայոց ցեղասպանության համար փոխահատուցում չի եղել, և քանի դեռ ցեղասպանությունը շարունակում է շահութաբեր ձեռնարկ լինել»,- ասել է ՀԵՀ կենտրոնական գործադիր խորհդրի անդամ Գև Իսկաջյանը: