ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նամակ է ուղարկել ԱՄՆ Կոնգրեսին՝ կոչ անելով «անհապաղ» հավանություն տալ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին, հայտնում է Reuters-ը։ Ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ Բայդենը մտադիր է կործանիչների վաճառքի գործընթացը սկսել՝ հենց որ Թուրքիան ավարտի ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումի վավերացումը։
Ըստ Reuters-ի՝ նամակում Ջո Բայդենի վարչակազմը կոչ է անում հաստատել F-16 կործանիչների (թիվը չի նշվում-խմբ.) և դրանց արդիականացման փաթեթների վաճառքը 20 միլիարդ դոլարով, մինչդեռ ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ է արել Թուրքիային որքան հնարավոր է՝ շուտ վավերացնել Շվեդիայի դիմումը, նշում է գործակալությունը։
Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Վեդանտ Պատելը հունվարի 24-ին կայացած ճեպազրույցում հրաժարվել է մանրամասներ հայտնել Թուրքիա F-16-ների հնարավոր մատակարարումների մասին։ «Կոնգրեսը առանցքային դեր է խաղում զենքի վաճառքի վերանայման հարցում, բայց ես չեմ հաստատի զենքի վաճառքը կամ փոխանցումը, քանի դեռ Կոնգրեսը պաշտոնապես չի տեղեկացվել դրա մասին», - ասել է նա:
Թուրքիայի խորհրդարանը հունվարի 23-ին հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացմանը։ Այնուհետ փաստաթուղթն ուղարկվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ստորագրման համար: ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վրա վետոն հանելու պայմաններից մեկը Անկարային ամերիկյան կործանիչներ մատակարարելն էր։ Դեռևս 2021 թվականի հոկտեմբերին Թուրքիան խնդրել էր ԱՄՆ-ին գնել 40 F-16 կործանիչ և 79 արդիականացման լրակազմ իր գործող ռազմական ինքնաթիռների համար։
Ամերիկացի օրենսդիրներն այնուհետ արգելափակեցին դրանց վաճառքը՝ պատճառաբանելով Թուրքիայում մարդու իրավունքների խախտումները։ 2023 թվականի դեկտեմբերին Ջո Բայդենը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում խոստացել էր ճնշում գործադրել Կոնգրեսի վրա և օրենսդիրներին համոզել հաստատել F-16-ի վաճառքը։