ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման մասին։ Նրա խոսքով՝ չորեքշաբթի օրը արգելափակող սահմանափակումներ կմտցվեն ռուսական էլիտաների ու բանկերի նկատմամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ամերիկյան պետության ղեկավարն ընդգծել է, որ պատժամիջոցները կխստացվեն՝ կախված Ուկրաինայում Մոսկվայի գործողություններից և շատ ավելի ուժեղ կլինեն, քան այն պատժամիջոցները, որ սահմանվել էին ԱՄՆ-ի կողմից 2014թ.-ին:
«Ես պատրաստվում եմ սկսել պատժամիջոցներ կիրառելով, որոնք շատ ավելի մեծ կլինեն, քան մեր և մեր գործընկերների քայլերը 2014 թվականին, և եթե Ռուսաստանը շարունակի այս ներխուժումը, մենք պատրաստ ենք ավելի հեռուն գնալ պատժամիջոցներով», - ասել է Բայդենը։
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը սերտորեն աշխատել է Եվրոպայում և ամբողջ աշխարհում դաշնակիցների ու գործընկերների հետ՝ Մոսկվայի գործողություններին պատասխան պատրաստելու համար։