ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական-ռազմական հարցերով օգնական Քլարկ Քուփերին կոչ է արել դադարեցնել անօդաչու թռչող սարքերի և այլ ռազմական սարքավորումների, տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային' Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ակտիվ մասնակցության համար:

Նամակում մասնավորապես կոչ է արվում անմիջապես դադարեցնել Թուրքիային ռազմական և երկակի կիրառության սարքավորումների կամ տեխնիկայի ցանկացած վաճառք' ինչպես ուղղակի, այնպես էլ երրորդ կողմի միջոցով՝ Արցախի, Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Անկարայի ակտիվ մասնակցության պատճառով: «Այս կասեցումը, մասնավորապես պետք է վերաբերի անօդաչու թռչող սարքերի վաճառքին, տեղափոխմանը կամ երրորդ կողմի փոխանցմանը»:
Հաշվի առնելով Թուրքիայի աջակցությամբ շարունակվող ադրբեջանական ագրեսիան, որն ուղղված է հայերի դեմ, այդ թվում' Հայաստանում և Արցախում բնակվող ԱՄՆ քաղաքացիների դեմ՝ Հայ դատի հանձնախումբը խնդրել է նաև, որ Քաղաքական-ռազմական գործերի բյուրոն տրամադրի Թուրքիային կամ Ադրբջանին անօդաչու թռչող սարքերի՝ նախկին, ընթացիկ կամ պլանավորված ռազմական վաճառքի հրապարակային հաշվետվություն: