ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանը դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային' կոչ անելով միջամտել ու դադարեցնել բռնությունները եւ աջակցել Հալեպում անպաշտպան եւ բռնությունների զոհ դարձած քաղաքացիներին:
Օբամային ուղղված բաց նամակում Խաչիկյանը շեշտել է, որ Հալեպը գտնվում է ջիհադականների բանակի կրակահերթերի տակ: «Այն պահին, երբ ես Ձեզ նամակ եմ գրում, Հալեպը գտնվում է պաշարման մեջ եւ ծանր հրթիռներն անխնա կրակ են արձակում եւ կործանում տներ, եկեղեցիներ, դպրոցներ, բժշկական հաստատություններ եւ գործարաններ:
ԱՄՆ-ի ոխերիմ թշնամի Ալ-Քայիդա ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները, լուրջ աջակցություն ստանալով Թուրքիայից, անխնա ոչնչացնում են Հալեպի դարավոր հայկական թաղամասերը: Հալեպի բնակչությունը մնացել է անօթեւան, վիրավորներին չեն կարողանում արյուն ներարկել, բնակիչները չունեն տուն, սնունդ, ջուր եւ որեւէ միջոց, որպեսզի կարողանան իրենց պաշտպանել: Նրանք պատանդ են պատերազմող կողմերի միջեւ եւ գտնվում են ծայրահեղականների թիրախում: Ամերիկյան հանրությունը չի կարող եւ չի ընդունում ԱՄՆ անգործությունն այս հարցում այն պահին, երբ Հալեպը ենթարկվում է դաժան ոչնչացման»,- ասված է նամակում: Դիմելով Օբամային, Խաչիկյանը շեշտել է, որ սովորական դիվանագիտության պահը չէ: Անկախ հանգամանքից, թե ինչպիսին է դիրքորոշումը սիրիական ճգնաժամի վերաբերյալ, ամերիկացիները չեն կարող ձեռքերը ծալած նստել այն ժամանակ, երբ Հալեպը մահվան ճիրաններում է:
«Խնդրում ենք Ձեզ օգտագործել ձեր ամբողջ ուժը' վերջ տալու այս բռնություններին: Ալ-Քայիդա ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչների կողմից անընդհատ շարունակվող բռնությունները պետք է դադարեցվեն: Հալեպը պետք է փրկվի: Չի կարող լինել արդարացում, թե դա պատերազմի շարունակություն է, երբ այնտեղ մարդիկ արնաքամ են լինում: Հետեւանքները նրանք կկրեն, եթե մենք այժմ քայլեր չձեռնարկենք, որպեսզի կանխենք հանցագործությունը»,- ասված է նամակում: Հալեպի փրկության համար ամերիկահայ համայնքն առաջարկում է Օբամային' հրավիրել արտահերթ նիստ հայ համայնքի ներկայացուցիչների եւ հայկական տարբեր կազմակերպությունների մասնակցությամբ եւ քննարկել Հալեպի փրկության գործողությունների ծրագիր: