Հայ Դատի Լիբանանի հանձնախումբը դիմել է «Ախպար», «Լ՛Օրիան Լը Ժուր» և «Դը Դեյլի Սթար» օրաթերթերին' հորդորելով շտկել իրենց լրատվությունում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը «անջատողական շրջան» որակող սխալը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազդակ» օրաթերթը, Լիբանանում լույս տեսնող մի շարք լրատվամիջոցներ Լեռնային Ղարաբաղի սահմանին տեղի ունեցող միջադեպերը լուսաբանելու ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքն անվանել են «անջատողական շրջան»:

 

Սխալն ուղղելու նպատակով Հայ Դատի Լիբանանի հանձնախումբը օրաթերթերի խմբագրական բաժին է ներկայացրել ԼՂՀ անկախացման և ստեղծման պատմությունը փաստող նյութեր: Նշվել է, որ սահմանի լարվածությունը հրահրվել է արդբեջանական կողմի նախաձեռնությամբ:

 

«Վերջին օրերին սահմանագծում գրանցված ողբերգական միջադեպերը Բաքվի նախահարձակ լինելու հետևանքն են: Թվում է' վերջինս որոշել է Ադրբեջանի նախագահի տարիներ ի վեր հնչեցրած ռազմատենչ հռետորաբանությունը գործի վերածել»,- նշվել է նամակում:

 

Հանձնախումբը նաև կոչ է արել մեքենայաբար չընդօրինակել միջազգային լրատվական գործակալությունների հրապարակումները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ' նամանավանդ, եթե դրանք պատվիրված են Բաքվի կողմից: