ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պետք է դատապարտի Ադրբեջանի կողմից անզեն ուղղաթիռի կործանումը եւ դադարեցնի Բաքվին տրվող ռազմական աջակցությունը: Նման առաջարկությամբ է հանդես եկել ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Արամ Համբարյանը:
«Օբամայի աշխատակազմը պետք է վճռականորեն դատապարտի ադրբեջանական օդուժի կողմից անզեն ուղղաթիռի կործանումը, որը թռչում էր ԼՂՀ տարածքով: Միաժամանակ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Բաքվին տրամադրվելիք ռազմական օգնությունն ու դադարեցնի Ադրբեջանի հետ երկկողմ բոլոր համաձայնագրերը, մինչեւ նախագահ Ալիեւը չդադարեցնի իր ագրեսիան ընդդեմ Արցախի եւ Հայաստանի: Սպիտակ տունը պետք է հրաժարվի այն գաղափարախոսությունից, որ պետք է կողմերի մեջ անպայման պահպանել պարիտետ: Փաստերը խոսուն են, եւ մենք պետք է առաջնորդվենք ԱՄՆ քաղաքականությամբ: Արցախը ժողովրդա վարությունն է, որ խաղաղության ձեռք է մեկնում, իսկ Ադրբեջանն իր հակահայկական ագրեսիայով հանդիսանում է էսկալացիայի առաջնորդն ու դիկտատորը: ԱՄՆ-ն պետք է կանգնի խաղաղության եւ ժողովրդավարության կողքին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' շեշտել է Արամ Համբարյանը:
Վերջինս հանդես է եկել նաեւ տեսաուղերձով եւ կոչ արել ամերիկահայերին համախմբվել եւ իրենց տարածքի կոնգրեսականներից պահանջել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան:
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Ավելի ուշ Ստեփանակերտից հաստատեցին, որ նախնական տվյալներով կա երեք զոհ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: «Արմենպրես»-ի հե տ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը շեշտել է, որ հայկական ուղղաթիռը ռազմական գործողությունների համար չի եղել, ուղղաթիռում չի եղել զինամթերք, եւ ադրբեջանական օդուժն այն խոցել է թիկունքից:
Նոյեմբերի 12-ին կատարվածի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրություն էր տարածել ու դատապարտել կատարվածը:
Նոյեմբերի 13-ին Եվրամիությունը, դատապարտելով կատարվածը, կոչ արել միջադեպի մանրամասները պարզելու համար անհապաղ սկսել հետաքննություն եւ արդյունքները ներկայացնել միջազգային հանրությանը: