Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը շարունակում է կոչ անել ԱՄՆ Սպիտակ տան ղեկավարությանը' դադարեցնելու Սիրիայում հակահայկական հարձակումները: Ինչպես հաղորդում են Հայ դատի ԱՄՆ գրասենյակից, ամերիկաբնակ հայերն իրենց անհանգստությունն են հայտնում' կապված վերջին շրջանում Սիրիայի Հալեպ քաղաքի հայաբնակ շրջաններում սաստկացած հարձակումների հետ, որի հետևանքով տեղական իշխանությունները տարածքը հայտարարել են աղետի գոտի:
Այս կապակցությամբ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը բոլորին կոչ է արել դիմել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հետևյալ պահանջներով' դադարեցնել Հալեպում անմեղ քրիստոնյաների և բոլոր քաղաքացիական անձանց ռմբակոծումը, ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս թույլ տա Եփրատ գետի ջրի ազատ հոսքը Սիրիա: Միաժամանակ Հայ դատի հահձնախմբի անդամները Սպիտակ տան ղեկավարությանը կոչ են անում պատասխանել իրենց մտահոգություններին' կապված պատմական հայաբնակ Քեսաբ բնակավայրից հայերին բռնի կերպով տեղահանելու գործում Թուրքիայի մասնակցության հետ: