Ամերիկայի հայ դատի հանձնախմբի ղեկավարները Սպիտակ տան, Պետքարտուղարության և Կոնգրեսի անդամների հետ մեկշաբաթյա խորհրդակցությունների ընթացքում անդրադարձել են ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև համագործակցության ավելի լայն հնարավորություններին, քննարկել օտարերկրյա օգնության ընդլայնմանը, ադրբեջանական ագրեսիայի վերահսկմանը, Հայոց ցեղասպանության հարցով արդարության հաստատմանը վերաբերող հարցեր:
Ամերիկայի հայ դատի հանձնախմբի պատվիրակությունը ղեկավարել է հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը։
Ամերիկայի հայ դատի հանձնախումբը հատուկ ուշադրություն է դարձրել 2018 ֆինանսական տարում արտասահմանյան օգնության մասին օրինագծին, Արցախին տրամադրվող ականազերծման և բժշկական օգնության ընդլայնմանը, Հայաստանին ԱՄՆ-ի տնտեսական աջակցության պահպանմանն ու Հայաստանին, որպես Մերձավոր Արևելքից փախստականների համար անվտանգության գոտու, ամերիկյան օգնության ընդլայնմանը։ Բացի այդ, քննարկվել են հարկերի կրկնակի գանձումից խուսափելու համաձայնագրին, ինչպես նաև Լոս Անջելեսի և Երևանի միջև կոմերցիոն ու բեռնատար չվերթների կազմակերպմանը վերաբերող հարցեր։
Քննարկվել է նաև մայիսի 16-ին, Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների հարձակումն ու ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները հիմնովին վերանայելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության ժխտման և Կիպրոսի օկուպացումը շարունակելու քաղաքականությունը։