ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է ներխուժել Ուկրաինա Պեկինում անցկացվող Օլիմպիական խաղերի ժամանակ։ Նրա խոսքով՝ ներխուժումը կարող է տեղի ունենալ մինչև փետրվարի 20-ը։
Այդ մասին հայտնում է РБК-Украина -ը՝ ճեպազրույցին հղումով։
«Մենք գտնվում ենք այն պատուհանում, որտեղ ցանկացած պահի կարող է սկսվել ռուսական ներխուժումը, եթե Պուտինը որոշի դա անել: Ես չեմ կարող մեկնաբանել մեր հետախուզական տեղեկատվության մանրամասները… Բայց ես ուզում եմ պարզ լինել, որ այն կարող է սկսվել Օլիմպիական խաղերի ժամանակ, չնայած շատ ենթադրությունների, որ դա տեղի կունենա դրանից հետո»,- ասել է նա։
Միաժամանակ Սալիվանն ընդգծել է, որ Սպիտակ տունը չի պնդում, թե Ռուսաստանը վերջնական որոշում է կայացրել ներխուժել Ուկրաինա։
«Այս պատուհանում, այս ժամանակահատվածում, և դա (ներխուժումը, խմբ.) կարող է տեղի ունենալ մինչև փետրվարի 20-ը՝ մինչև Պեկինի Օլիմպիական խաղերի ավարտը», - հավելել է Սալիվանը։
Նա նաև նշել է, որ Ուկրաինա ներխուժումը, ամենայն հավանականությամբ, կսկսվի օդային հարձակմամբ։
Սալիվանը նաև կոչ է արել բոլոր ամերիկացիներին շտապ հեռանալ Ուկրաինայից. «ԱՄՆ-ի ցանկացած քաղաքացի պետք է հնարավորինս շուտ հեռանա Ուկրաինայից», - ասել է նա։