Փետրվարի 8-ի գիշերը սահմանին կրկին լարվածություն է նկատվել: Ադրբեջանական կողմը մի քանի ժամ շարունակ սահմանագծի տարբեր հատվածներում խախտել է հրադադարի ռեժիմը' կրակահերթեր արձակելով հայկական մարտական հենակետերի եւ բնակավայրերի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ նախորդ 2-3 օրերի համեմատությամբ երեկ լարվածությունը կրկին աճել է: «Հայկական զինված ուժերը պատասխան կրակ չեն բացել»,- ասաց Հովհաննիսյանը' հիշեցնելով, որ հայկական կողմը շարունակում է պահպանել հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններն ու չխախտել հրադադարի ռեժիմը: Ավելին' հայկական կողմն ընդունել է Միջազգային օլիմպիական կոմիտեի կոչն ու պատրաստակամ է, որպեսզի Օլիմպիական խաղերի ժամանակ սահմանին իրավիճակը չսրվի և զոհեր չգրանցվեն:
Հայ դիրքապահները պատասխան գործողությունների են անցնում միայն, եթե ադրբեջանական կողմը դիմում է սադրիչ գործողությունների: Չնայած հրադադարի պահպանման հանձնառությանը' ադրբեջանական կողմը հաճախ է խախտում կրակի դադարեցման ռեժիմը' թե' դիպուկահարների միջոցով թիրախավորելով հայ դիրքապահներին ու խաղաղ բնակչությանը, թե' դիվերսիոն գործողություններով, որոնցից վերջինն իրականացրել են հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի երկու ուղղությամբ: Իսկ հունվարի 28-ին մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի գնդակից զոհվել է հայ զինծառայող Կարեն Գալստյանը: