Փետրվարին Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի օրերին միջազգային օլիմպիական կոմիտեն մարզիկներին կարգելի աջակցել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց:
Ռուսաստանում միասեռականության քարոզն արգելող օրենքը բուռն արձագանք է առաջացրել Արևմուտքի որոշ երկրներում: Տարբեր միջոցներով իրենց բողոքն են արտահայտել անգամ այս օրերին Մոսկվայում ընթացող թեթև ատլետիկայի աշխարհի առաջնության մի քանի մասնակիցներ: ՄՕԿ-ը հիշեցնում է, որ օլիմպիական կանոնադրությունը (խարտիան) արգելում է քաղաքական և կրոնական ցանկացած քարոզչություն օլիմպիական խաղերի ժամանակ: «Դա օլիմպիական շարժման հիմնարար սկզբունքն է, որը պետք է պահպանվի: Ինչ վերաբերում է միասեռականության դեմ ռուսական օրենքին, ապա այդ երկրի կառավարությունը երաշխավորել է, որ չի արգելի ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների մասնակցությունը ձմեռային օլիմպիադային»,- The Gay Star News-ին հայտնել է ՄՕԿ-ի ներկայացուցիչը, որը չի ցանկացել ներկայանալ: Նա նշել է, որ խարտիան խախտած յուրաքանչյուր մարզիկ անմիջապես կորակազրկվի և կզրկվի հավատարմագրումից:
Մինչ այդ, սեռական փոքրամասնությունները մարզիկներին կոչ են արել օլիմպիադայի բացման արարողության շքերթին ներկայանալ երփներանգ ակնոցներով և քայլել իրար ձեռք բռնած: