Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը դժգոհ է 2016 թ. ֆինանսական տարվա՝ Հայաստանին տրամադրվելիք օգնությունը կրճատելու մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս կապակցությամբ իր դժգոհությունն է հայտնել Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփար յանը:

 

Նա ընդգծել է, որ ԱՄՆ Սպիտակ տունը կրճատումներ անելիս պետք է հաշվի առնի նաև այն ջանքերը, որոնք հայկական կողմը գործադրում է Հայաստանի և ԱՄՆ միջև առևտրային և ներդրումային հարաբերությունների զարգացման համար: Այդուհանդերձ, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը հավասար է:

 

Համփարյանը հավելել է, որ Հայ դատի ամերիկյան հանձնախումբը շարունակելու է աշխատել ԱՄՆ կոնգրեսում Հայաստանին աջակցող խմբի և Սենատի հետ' Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվելիք օգնության չափը մեծացնելու, ինչպես նաև Ադրբեջանին տրվող ռազմական աջակցությունը դադարեցնելու նպատակով: