Հայ Դատի Ավստրիայի հանձնախումբը նամակով դիմել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար, դեսպան Լամբերտո Զանիերին, նախագահ Դիդիե Բուրխալթերին և ԵԱՀԿ մշտական խորհրդի նախագահ Թոմաս Գրեմիներին' նրանց ուշադրությունը հրավիրելով Քեսաբի վրա կատարված հարձակումների վրա:Հայ դատի անդամները ԵԱՀԿ պաշտոնյաներին խնդրել են օգնություն ցուցաբերել տեղահանված քեսաբցիներին:
Նամակում նշվում է, որ հայությունը հատկապես մտահոգված է, որ ծայրահեղականները հարձակումներն իրականացրել են Թուրքիայի աջակցությամբ: «Թուրքիան օժանդակել է Քեսաբ հայկական գյուղաքաղաքի ավերիչ գործողություններին և երրորդ անգամ ստիպել Քեսաբի բնակչությանը լքել իերնց նախնիների տները և հողերը: ԵԱՀԿ-ն բարոյական լիազորություն ունի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու և բացեիբաց քննադատելու Թուրքիային Քեսաբի ավերման համար: ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի պատվիրակության ղեկավարը, որպես Մշտական խորհրդի գործող նախագահ, կարող է ԵԱՀԿ մասնակից երկրների ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա»,- նշվում է ԵԱՀԿ պաշտոնյաներին ուղղված նամակում:
Կոչ է արվում նաև ԵԱՀԿ նախագահ Դիդիե Բուրկհալթերին գործի դնել բոլոր հնարավոր միջոցները' դատապարտելու համար ԵԱՀԿ մասնակից պետության ագրեսիվ գործողությունները, քննարկել Լաթաքիայում ապաստանած քեսաբցի գաղթականներին մարդասիրական օգնություն ուղարկելու հարցը, ինչպես նաև խնդրի լուծմանը ներգրավել ԵԱՀԿ Ազգային փոքրամասնությունների հարցով գերագույն հանձնակատարին:
Հայ դատի հանձնախմբի անդամները պատրաստակամություն են հայտնել խնդրի շուրջ հանդիպել ԵԱՀԿ պաշտոնյաների հետ ցանկացած պահի' քննարկելու համար Սիրիայի հայերի վիճակի և քեսաբցիներին օգնություն ցուցաբերելու հարցերը: