Նախորդ տարի այս օրերիին (ապրիլի 25) ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց արտահերթ ընտրություններ անցկացնելու համար:
Գրեթե ոսկերչական ճշգրտությամբ դա եղավ հասարակական գործիչ Արտակ Թովմասյանի ասած ժամկետներում: Հիշեցնենք, որ նա հայտարարել էր 44 -օրյա պայքարի մասին, որի արդյունքում պետք էր հասնել Փաշինյանի հրաժարականին:
Ակտիվության տեսանկյունից այսօր հասարակական-քաղաքական կյանքում գրեթե նույն սցենարն է կրկնվում՝ մարդիկ ճանապարհներ են փակում, ակցիաներ են իրականացնում, մի խոսքով՝ քաղաքական ակտիվություն է զգացվում ընդդիմադիր ֆրոնտում, տեղեկացնում է euromedia24-ը։
Այս զարգացումների մասին զրուցեցինք Արտակ Թովմասյանի հետ.
-Պարոն Թովմասյան, նախորդ տարի դուք բավականին ակտիվ էիք Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, ոչ բռնի, խաղաղ ակցիաներ էիք կազմակերպում և 44-օրյա պայքար էիք սկսել՝ հայտարարելով, որ դրա արդյունքում 44-րդ օրը Նիկոլ Փաշինյանը հրաժարական կներկայացնի և ինչպես տեսանք՝ այդպես էլ եղավ: Սակայն, այնուհետև, Դուք չմասնակցեցիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ինչո՞ւ.
- Թե՛ նախկինում, թե՛ այսօր մենք ակտիվ ենք իշխանությունների դեմ մղած ոչ բռնի պայքարում և այդ պայքարը մշտապես միտված է եղել մեր ժողովրդի բարեկեցությունը, անվտանգությունը և խաղաղ ապագան ապահովելուն: Ամեն ժամանակաշրջան իր գործողությունների հստակ պահանջն ունի, այսօր ես առավել շատ կարևորություն տալիս եմ հասարակական ծրագրերի իրականացմանը, որով Հայաստանի և Արցախի կողքին եմ, չնայած այդ գործին եմ միտված դեռևս 90-ականներից սկսած:
Ցանկանում եմ բացատրել նաև, թե ինչու նախորդ տարի չմասնակցեցինք ընտրություններին: Հիշում եք երևի, որ ես հանդես էի եկել ուղերձով՝ հորդորելով քաղաքական կուսակցություններին եւ, առհասարակ, հայ ժողովրդին` չգնալ արտահերթ ընտրությունների: Ես այն կարծիքին էի, որ դրանք պետք է անցկացվեն սահմանադրական փոփոխությունների եւ Ընտրական օրենսգրքի բարելավումից հետո: Քանի որ այդ առաջարկը չընդունվեց, մենք որոշում կայացրինք չմասնակցել ընտրություններին:
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում վերջերս սկսված քաղաքական պրոցեսներին, ընդդիմադիրները կրկին փողոց են դուրս եկել, տեսնում ենք նաև, որ անհմաչափ ուժ է կիրառվում բողոքի ակցիայի դուրս եկած քաղաքացիների դեմ:
-Ընդհանրապես ընդդիմության գործառույթներից մեկը զսպաշապիկ լինելն է գործող իշխանություններին եւ վիճահարույց հարցերը բարձրաձայնելով՝ թույլ չտալ քողարկել կառավարման հարցում առկա խնդիրները, աշխարհաքաղաքական պրոցեսները, որոնք ուղղակիորեն վերաբերվում են ՀՀ անվտանգությանը: Ցանկացած ժողովրդավարական հասարակության ներսում այս պրոցեսներն ընդունված մեթոդ են: Համարում եմ նորմալ քաղաքական պրոցես, քանի որ այն օգտակար է նույնիսկ իշխանությանը, որպեսզի դուրս գան խորը թմբիրից և փորձեն բավարարել ժողովրդի պահանջները՝ արդյունավետ կառավարում իրականացնելով:
Ինչ վերաբերվում է խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնող քաղաքացիների հանդեպ անհամաչափ ուժի կիրառմանը, ապա դա միանշանակ անթույլատրել է, կլինի դա ընդդիմություն, թե որևէ հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, ով պայքարում է հանուն իր գաղափարների:
-Երկար ժամանակ եղել եք Ղրիմում Հայաստանի պատվո հյուպատոս և դեռ այն ժամանակվանից ամուր կապեր ունեք ինչպես ռուս և ուկրաինացի ժողովուրդների, այդպես էլ այս երկու երկրների քաղաքական դերակատարների հետ: Վերջերս Ձեր հիմնադրամը նաեւ մարդասիրական բեռ էր ուղարկել Ուկրաինայի խաղաղ ժողովրդին, դուք էլ Հայաստանում դեսպանների հետ էիք հանդիպում: Ձեր փորձի կարիքն արդյոք այնտեղ զգացվում է, դուք մասնակցություն ունե՞ք գործընթացներին:
-Միշտ փորձել եմ նման հարցերում ստանձնել հաշտարարի դերը, ինչպես նաև իմ հնարավորությունների չափով օգնել այն խաղաղ բնակչությանը, որը տուժում է պատերազմական գործողությունների հետևանքով, ինչպես հիմա դա կատարվում է՝ եղբայրական ժողովուրդների՝ ռուսների ու ուկրաինացիների դեպքում:
Այնտեղ ինձ առավելապես մտահոգում է գերիների վերադարձը և, իհարկե, փախստականների՝ իրենց տներ վերադարձը: Պետք է նշեմ, որ թե՛ ռուսական, թե՛ ուկրաինական կողմն իրենց հնարավորությունների չափով փորձում են լուծում գտնել գերիների վերադարձի խնդրին, իսկ գերիներ կան երկու կողմում էլ՝ ոմանք ծառայում էին ռուսական կողմում, ոմանք՝ ապրում Ուկրաինայում և ցանկացած դեպքում ներգրավված են եղել այս հակամարտությունում: Ես իմ կողմից պատրաստ եմ ջանքեր գործադրել, որպեսզի գերիների վերադարձի հարցը արագ լուծում գտնի և փաստ է, որ բարեկամ ժողովուրդներին այս առումով մենք պետք է հնարավորինս օժանդակենք: Թերևս ամենաէֆեկտիվ որոշումն է հասնել որոշակի փոխըմբռնման: Տեսնելով համապատասխան փորձը Արցախում՝ կարող ենք փաստել, որ որքան ավելի է երկարում պատերազմը, այնքան աճում է զոհերի, վիրավորների, գերիների թիվը։ Իհարկե, շատ կցանկանայի, որպեսզի կողմերը շուտափույթ նստեն բանակցային սեղանի շուրջ և փորձեին կոմպրոմիսային լուծումներ գտնել: Թերևս դա կդիտարկվեր որպես դրական լուծում՝ գոնե թե այս պահին: Գաղտնիք չէ՝ չնայած նրան, որ քաղաքական գործիչները որոշակի փուլում այս կամ հարցը անընդունելի են համարում, այնուհետև դա դառնում է ընդունելի փաստ: Այս իրողության հետ հայ ժողովուրդն առնչվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին: