Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի անդամները հանդիպել են «Լոս Անջելես համաշխարհային օդանավակայաններ»-ի (LAWA) պաշտոնյաների հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև ուղիղ չվերթների իրականացման հարցը: Այս մասին հայտնում է հանձնախմբի պաշտոնական կայքը:

 

LAWA-ի գործադիր տնօրեն Դեբորա Ֆլինթի և գործադիր փոխտնօրեն, արտաքին հարաբերությունների ղեկավար Թրեյվոր Դելիի հետ քննարկումները հնարավորություն են տվել դրական ու կառուցողական մտքեր փոխանակել այն գործնական քայլերի շուրջ, որոնք անհրաժեշտ են Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանից Երևանի Զվարթնոց օդանավակայան ուղիղ թռիչքներ սկսելու համար:

 

«Մենք ողջունում ենք կառուցողական հարաբերությունները LAWA-ի ղեկավարության հետ և արժևորում ենք նրանց պատրաստակամությունը՝ աջակցելու քննարկումներին ԱՄՆ և Հայաստանի հանրային ու մասնավոր անձանց հետ Լոս Անջելեսից Երևան ուղիղ թռիչքներ իրականացնելու հարցով»,- ասել է հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Րաֆֆի Համփարյանը:

 

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կոչ է արել Միացյալ Նահանգների փոխադրումների դեպարտամենտին աջակցել հանրային-մասնավոր գործընկերությանը ԱՄՆ-Հայաստան թռիչքներ սկսելու համար, որում կներառվեն ԱՄՆ ավիաընկերությունները և համապատասխան կառավարական գործակալությունները: