Գիտնականներն առաջին անգամ հաջողությամբ մանրաչափ մեքենաներ են գործարկել մկների օրգանիզմում: Նանոմասնիկներով բեռնված սարքերն իրենց բեռը տարել են մինչեւ կենդանիների ստամոքս: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետազոտության մասին պատմում Է ACS Nano հանդեսը, իսկ դրա մասին հակիրճ հաղորդել Է BBC News գործակալությունը:
Նախկինում նման մանրաշարժիչները թեստավորվում Էին սոսկ բջիջների նմուշներում: Սակայն Վեյ Գաոն եւ նրա գործընկերները Կալիֆոռնիայի Դեւիսի համալսարանից սարքերը (20 միկրոն երկարությամբ ցինկապատ փողակներ պոլիմերներից) կերակրել են մկներին:
Ցինկը ռեակցիայի մեջ Է մտնում ստամոքսահյութի հետ. առաջանում են ջրածնի պղպջակներ, որոնք սարքերն ուղարկում են դեպի ստամոքսի պատերը, որտեղ դրանք կպչում են եւ սկսում լուծվել: Դրա շնորհիվ դրանց բերած բժշկական պատրաստուկներն ընկնում են հյուսվածքի մեջ: Այս տեխնոլոգիան իրենից ներկայացնում Է պեպտիկ խոցերի եւ ստամոքսի այլ հիվանդությունների բուժման արդյունավետ եղանակ:
Մոլեկուլային մակարդակում վիրաբուժության բուն գաղափարը տակավին 1959 թվականին կանխագուշակել Է հռչակավոր ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնմանը: ԱՄՆ-ի ֆիզիկոսների ընկերության սեմինարում ներկայացված զեկուցման մեջ նա պատմել Է. «Դա, անշուշտ, խելահեղ գաղափար Է, բայց հետաքրքիր կլիներ կուլ տալ վիրաբույժին: Այդ մեխանիկական վիրաբույժը հայտնվում Է արյունատար անոթում, իսկ այնտեղից՝ սրտում եւ սկսում Է զննել շուրջը: Այն արագորեն պարզում Է, թե որտեղ Է տեղի ունեցել խախտումը, հանում Է փոքրիկ դանակը եւ մակահերձ կատարում»:
Այս գաղափարն արագորեն թափանցել Է գիտական ֆանտաստիկա. կարելի Է օրինակ բերել 1966 թվականի «Ֆանտաստիկ ճանապարհորդությունը», որտեղ ներսից մարմինն ուսումնասիրելու են ուղեւորվում մինչեւ մանրաչափ մասշտաբների փոքրացված մարդիկ: