Հայաստանում 2015 թվականի հունվարի 1-ից մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատությունների իրականացման ծրագրից արդեն իսկ օգտվել են 60-ից ավելի քաղաքացի:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

 

«Արդեն 60-ից ավելի անձ ստենտավորվել են այդ ծրագրով: Բնակչությունն իր գոհունակությունն է հայտնում ծրագրից, որը Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից մեկն է և այսօր կյանքի է կոչվել: Առաջիկա երեք ամսվա ընթացքում քննարկվելու են նաև ծրագրի հնարավոր ռիսկերն ու խնդիրները»,- ասաց Մուրադյանը:

 

Նրա խոսքով՝ ծրագիրը վերաբերում է այն փուլերին, երբ մարդու վիճակն այնպիսին է, որ ժամերը որոշիչ են դառնալու: «Այդ դեպքում պետությունն իր վրա է վերցնում այն մարդկանց հոգսը, ովքեր չեն կարող ֆինանսավորել այս ժամանակակից թանկարժեք բուժումը: Այդ տեսակի ինֆարկտներին մեր մասնագետները շատ լավ տիրապետում են և կարողանում են տեղադրել անհրաժեշտ ստենտ: Տվյալ մարդը վեց ամսվա ընթացքում պահվում է նաև անընդհատ հսկողության տակ, բոլոր հետազոտություններն արվում են անվճար: Անհրաժեշտության դեպքում իրականացնվելու է նաև կրկնակի ստենտավորում»,- ընդ գծեց Մուրադյանը:

 

Սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեով հատկացվել է 500 մլն դրամ: