Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սահմռկեցուցիչ սպանության կասկածյալին (կամ կասկածյալներին) ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու եւ արդար դատավճի պահանջով մեկնարկել է համաքաղաքային ստորագրահավաք: Այս մասին հունվարի 22-ին լրագրողներին տեղեկացրին քաղաքացիական ակտիվ խմբի մասնակիցները:

 

Այս պահին գործընթացը տեխնիկական ընթացքի մեջ է, իսկ վաղվանից արդեն քաղաքի կենտրոնական հատվածներում, ցանկացած գ յումրեցի կարող է իր ստորագրությունը տեղադրել 2 կետից բաղկացած պահանջ-ստորագրահավաքի տակ: Այս մասին նշեց ակտիվի անդամ Արմեն Ներսիսյանը: Ի դեպ, եթե պահանջի առաջին կետով կասկածյալը (ները) պետք է գտնվի (գտնվեն) ՀՀ իրավազորության ներքո և պատիժը պետք է կրեն ՀՀ արդարադատության կողմից, ապա հաջորդ պահանջի մեջ նշվում՝ համալրել ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների վերաբերյալ միջպետական համաձայնագրերը՝ պարտադիր ամրագրելով հետևյալ կետը՝ ՀՀ տարածքում կարող են ծառայել ՌԴ զինված ուժերի որոշակի ցենզի համապատասխանող պայմանագրային զինծառայողներ:

 

«Գյումրիում Ավետիսյանների գերդաստանի սահմռկեցուցիչ սպանությունը մեր անսահման ցավի մեջ առաջ բերեց նաև անզորության զգացում: Իրենց արժանապատվության համար գյումրեցիները քաղաքացիական ակցիաների միջոցով ձևակերպեցին իրենց հիմնական պահանջը՝ ազգային արժանապատվությունը բավարարող դատավարական ընթացք և բոլոր մեղավորների արժանի պատիժ, այսինքն ՀՀ արդարատության գերակայությամբ հրապարակային դատավարություն: Ակնաջալուր լինելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի՝ հանդարտության ու խաղաղության կոչին, գյումրեցին այս պահիդեռ հանդարտ է, բայց վերահաստատում ենք, որ գյումրեցիները պատրաստ են իրենց պահանջատիրության համար մինչև վերջ պայքարելու»,-նշեց Արմեն Ներսիսյանը:

 

Խոսելով գյումրեցիների պահանջի եւ այդ պահանջից բխող ինքնաբուխ ակցաների եւ հետագայում արդեն որոշակի քայլերի մասին Արմեն Ներսիսյանը նշեց, որ այս պահին ստորագրահավաքը ելքն է՝ պահանջը խաղաղ ու հանդարտ ներկայացնելու, բայց սա չի նշանակում, որ սա վերջն է:

 

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև' յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փ որձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

 

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը): Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը:

 

 

Արմենուհի Մխոյան