Այս տարվա հունվարի 9-ից ուժի մեջ է մտել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքը, որի անցումային դրույթներով, մասնավորապես, նախատեսվում է որոշակի պայմաններում տուգանքի չափի ավելացած մասի և կատարողական գործողությունների կատարման ծախսերի վճարումից ազատում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մամուլի ծառայությունից, օրենքով առաջարկվում է 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2015 թվականի հունվարի 9-ը վերոնշյալ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետում նշված հոդվածներով նախատեսված իրավախախտում կատարած պարտապաններին՝ մինչև 2015 թվականի հուլիսի 9-ը վճարել վարչական ակտով նախատեսված տուգանքի գումարը, կամ ներկայացնել այն վճարված լինելու ապացույց՝ ազատվելով տուգանքի չափի ավելացած մասը և կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից: