Ադրբեջանի ղեկավարությունն իր վարած քաղաքականությամբ փակուղի է տարել երկիրը և հիմա հիստերիկ գործողություններով փորձում է դուրս գալ այդ իրավիճակից: Այս մասին հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Որքանով Ադրբեջանում սաստկանում են քաղաքական ընդդիմախոսների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ հետապնդու մները, բռնությունները և այդ կապակցությամբ միջազգային հանրության կողմից դատապարտող հայտարարություններ են լինում, Ադրբեջանը փորձում է շեղել ուշադրությունը և սրել իրավիճակը հակամարտության գոտում, ինչը բերում է նաև մարդկային զոհերի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:

 

Նա ցավով նկատեց, որ Ադրբեջանի ղեկավարության համար մարդկանց կյանքը ստորադասվում է ներքին քաղաքական շահերին: «Եվ իրենք իրենց զինվորներին նայում են որպես համակարգչային վիրտուալ զինվորիկների և օրական հարյուրավոր երիտասարդների դեպի մահ են ուղարկում»,- նշեց Նալբանդյանը:

 

Նալբանդյանն ընդգծեց, որ սա չի նշանակում, թե Հայաստանը միջազգային հանրության հետ չպետք է շարունակի ջանքեր գործադրել ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը հասնելու համար: «Սակայն գնալով ավելի ու ավելի շատ հարցեր են առաջանում Ադրբեջանի ղեկավարության ադեկվատության և իրավիճակը սթափ գնահատելու կարողության վերաբերյալ: Վերջերս մի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահն ասում է, որ Ադրբեջանում մամուլն ազատ է, իսկ իր վարկանիշը 90 տոկոսից ավելի: Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ՝ չնայած հայտնի են միջազգային հանրության մեկնաբանութ յունները»,- ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը: