Ադրբեջանցիները տարբեր հարթակներից ահաբեկչության դեմ պաքայրի վերաբերյալ հանդես են գալիս հայտարարություններով, որոնք որևէ վստահություն չեն ներշնչում: Բոլորին է հայտնի, որ ադրբեջանցիներն արցախյան պատերազմի ընթացքում օգտագործել են վարձկանների Աֆղանստանից և այլ վայրերից, ովքեր սերտ կապեր ունեն հայտնի ահաբեկչական կազմակերպությունների հետ: Այս մասին հունվար ի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է հակաահաբեկչական պայքարում իր առաջատար լինելու մասին՝ այդ համատեքստում մեղադրանքներ հնչեցնելով նաև Հայաստանի հասցեին:
Նա անդրադրձավ խոշոր ահաբեկչական խմբավորումներին ադրբեջանցիների մասնակցությանը: «Շատ հաճախ այդ անձանց անունները հայտնվում են լրատվամիջոցներում՝ որպես հայտնի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններ: Վերջերս մի քանի այսպիսի անուններ էին հայտնվել, ովքեր սպանվել են Սիրիայում, Իրաքում կամ այլ վայրերում: Մի քանի ամիս առաջ սպանվել է ևս մեկ հայտնի ահաբեկիչ, որին ադրբեջանցիները հերոսացնում էին արցախյան պատերազմի տարիներին, իսկ վերջերս նա ղեկավարում էր «Իսլամական պետության» խմբերից մեկը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Էդվարդ Նալբանդյանը դատապարտեց օրերս «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Ճապոնիայի քաղաքացու սպանությունը՝ ընդգծելով, որ սա ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ միջազգային հանրությունը պետք է համախմբվի ահաբեկչության դեմ պայքարում: Նախարարի գնահատմամբ՝ ահաբեկչությունն սպառնալիք է բոլորի համար, և նրանք, ովքեր ուղղակի կամ անուղղակի աջակցում են ահաբեկիչներին կամ օգտագործվում են այս կամ այն պատճառով, պետք է լավ գիտակցեն, որ դա կարող է բումերանգի էֆեկտ ունենալ, և իրենք կարող են թիրախ դառնալ այդ ահաբեկչության թիրախ: