Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին Բանակի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:
Նախագահ Սարգսյանին հղված ուղերձում ասված է.
«Մեծարգո Սերժ Ազատի,
Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Բանակի օրվա կապակցությամբ, տոն, որը չափազանց թանկ ու նվիրական է համայն հայության համար:
Դուք կանգնած եք եղել հայոց բանակի ստեղծման ակունքներում և այսօր էլ՝ որպես Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, անում եք հնարավորը հայրենիքի պաշտպանունակության բարձրացման ուղղությամբ:
Հայկական բանակը ժողովրդական բանակ է. չկա մի ընտանիք, որն այս կամ այն կերպ առնչություն չունենա նրա հետ: Բանակի կազմավորմանը մասնակցել են մեր ժողովրդի լավագույն զավակները, և այսօր էլ նրանց քաջ որդիներն են անձնվիրաբար ծառայում հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Փա՜ռք ու պատիվ բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ ունենք հզոր ու մարտունակ բանակ, նրանց, ովքեր այսօր էլ անսասան են պահում մեր հայրենիքի սահմանները, պահպանում մարդկանց անդորրն ու խաղաղ կյանքը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և մեր ողջ ժողովրդին' այս հիշարժան տոնի առթիվ: Մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք' հայոց անկախ պետականության շարունակական զորացման ու բարգավաճման ճանապարհին»: