Հունվարի 28-ին Փարիզում՝ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի շրջանակներում, տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և ֆրանսահայ խոշորագույն հասարակական-քաղաքական գործիչների հանդիպումը՝ աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի գլխավորությամբ, որի ընթացքում քննարկվել են Ֆրանսիային, Հայաստանին և Ֆրանսիայի հայկական համայնքին առնչվող բազմաթիվ հարցեր: 

 

Հանդիպման ժամանակ ֆրանսահայ հասարակական գործիչ Արման Ավագյանը բարձրացրել է մի շարք հարցեր՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Ֆրանսիայի նախագահի հետ իր առանձնազրույցում Արման Ավագյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսուա Օլանդին թե´ Ֆրանսիայում բնակվող ազգությամբ հայ և թե´ ՀՀ քաղաքացիների նկատմամբ ցուցաբերվող ուշադրության համար: Նախագահ Օլանդն Արման Ավագյանին վստահեցրել է, որ ֆրանսահայ համայնքին հուզող հարցերը մշտապես գտնվել են իր ուշադրության կենտրոնում և որ Ֆրանսիայի իշխանությունների հայանպաստ քաղաքականությունը շարունակական է լինելու:

 

Հիշեցնենք նաև, որ ինչպես արդեն հայտնել է Lurer.com-ը, հանդիպման ժամանակ իր ելույթում Ֆրանսիայի նախագահը Թուրքիային կոչ է արել նոր քայլեր ձեռնարկել մեկ դար առաջ հայերի զանգվածային սպանությունների վերաբերյալ «ճշմարտության» ուղղությամբ՝ ասելով, որ «ժամանակն է կոտրել տաբուները»:

 

«Ճշմարտության ուղղությամբ ջանքերը պետք է շարունակվեն, և ես համոզված եմ, որ հարյուրերորդ տարելիցի տարվա ընթացքում կտեսնենք նոր քայլեր՝ ճանաչման ուղղությամբ»,- ասել է Օլանդը: