Ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանը Հայոց ցեղասպանության թեմայով գրված իր «Ավազե ամրոցը Հալեպում» գրքի նորվեգերեն թարգմանության կապակցությամբ հունվարի 28-ին Նորվեգիայում այցելեց հայ ժողովրդի բարեկամ, մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի թոռնուհուուն' Մարիտ Գրևին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' նույն օրը Նորվեգիայի հանրային հեռուստաալիքը (NKR) իր նորությունների ժամին տեսանյութ հեռարձակեց Քրիս Բոհջալյանի և Մարիտ Գրևի հանդիպման մասին, որում խոսվում էր նաև Հայոց ցեղասպանության մասին: Ցուցադրվեց «Նանսենյան անձնագիրը» և նշվեց, որ հաղորդումը երկու թոռների հանդիպման մասին է, որոնց միջև կապը հաստատվել է դեռևս 100 տարի առաջ' 1915թ. պատմական իրադարձությունների ժամանակ: Հաղորդման մեջ ասվում է, որ Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցը Հալեպում» գիրքն իր տատի և պապի մասին է, որոնք Հայոց ցեղասպանությունը վերապրածներից են եղել' շնորհիվ Ֆրիտյոֆ Նանսենի, և գրողի համար շատ կարևոր իրադարձություն է Նանսենի ընտանիքի հետ հանդիպումը:
«Այսօր բոլոր հայերը ժառանգներն են ողջ մնացածների: Այնպես որ մենք բոլորս, ովքեր նոր կյանք են ստեղծել Նորվեգիայում, Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում, պետք է շնորհակալ լինենք Ֆրիտյոֆ Նանսենին և «Նանսենյան անձնագրերին», - ասում է Քրիս Բոհջալյանը հաղորդման մեջ: Նշվում է նաև, որ Բոհջալյանը բազմաթիվ գրքեր է գրել իր պապերի երկրի մասին, բայց «Ավազե ամրոցը Հալեպում» գիրքը շատ ավելի կարևոր է եղել իր համար:
Այնուհետև խոսում է Մարիտ Գրևը' նշելով, որ նա եղել է Հայաստանում և տեսել է, թե ինչ նշանակություն ունի Նանսենը հայերի համար: Նա քարտեզի վրա ցույց է տալիս այն վայրերը, որտեղ սպանվել են հայերը, որից հետո հաղորդավարը նշում է, որ Օսմանյան կայսրությունում շուրջ մեկ միլիոն հայեր են սպանվել: Հաղորման մեջ խոսում է նաև Նանսենի ծոռը' Աննե Գրևը, նշելով, որ հայերը միշտ հիշում են Ֆրիտյոֆ Նանսեին և ամեն տարի ապրիլ ամսին այցելում են նրա գերեզմանին' խոնարվելով նրա հիշատակին:
Հայոց ցեղասպանությանն անդրադարձած տեսանյութն ավարտվում է Քրիս Բոհջալյանի այս խոսքերով. «Բոլոր ցեղասպանությունների վերջին մասը ժխտումն է: Իսկ Արմենի և Էլիզաբեթի պատմությունը, հույս ունեմ, մեզ կկարողանա հասկացնել, որ մարդկությունը չպետք է այլևս թույլ տա նման հրեշավոր չարիքի կրկնություն»: