Ոստիկանները Բերձորում ծեծի են ենթարկել Հիմնադիր խորհրդարանի անդամներին, ովքեր այսօր ավտոերթ էին կազմակերպել դեպի Արցախ:

 

«Բերձոր չհասած՝ ոստիկանական մեքենաներով անհայտ անձիք հարձակվել են ավտոերթի մասնակիցնեի վրա, ծեծի են ենթարկել, կոտրել բոլոր մեքենաները և դրոշները: Վիրավորվել է «Նոյյան Տապան»-ի լրագրողը, նրան տեղափոխել են հիվանդանոց: Ժիրայր Սեֆիլյանը և երթի բոլոր մասնակիցները ստացել են մարմնական վնասվածքներ»,- ասված է Հիմնադիր խորհրդարանի տարածած հաղորդագրությունում:

 

Ավելի վաղ Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հաղորդագրություն էր տարածել, որ Բերձորում հավաքված մարդկանց շրջանում սուտ լուրեր են տարածվել, որ իրենք զինված են:

 

«Մարդկանց փորձում են համոզել, որ Ժիրայր Սէֆիլյանի գլխավորած ավտոերթը դավադրաբար նպատակ ունի այնպես անել, որ ՀՀ-ից զորակոչված ժամկետային պարտադիր կազմի զինծառայողները այլևս չծառայեն Արցախում և վերադառնան՝ Արցախին թողնելով մենակ ու անպաշտպան:

 

Ռեժիմի և նրա ծառաների հորինած այս քստմնելի սուտը ոչ միայն ցույց է տալիս նրա ապազգային ու հանցավոր բնույթը, այլև վկայում է նրա հոգեվարքի մասին:

 

Մեր ավտոերթը զինված չէ, մենք Արցախ ենք գնում մեր կանանց ու երեխաների հետ միասին: Ինչ վերաբերում է Արցախը անպաշտպան թողնելու մասին հերյուրանքին, ապա հերթական անգամ նշում ենք, որ մեր Շարժման ռազմավարական նպատակներից մեկն էլ Արցախի վերջնական միավորումն է Հայաստանին և համազգային ջանքերով Արցախի արդյունավետ պաշտպանության կազմակերպումը»: