ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը վեհաժողովի ավարտված նստաշրջանի ընթացքում բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և ժխտողական քաղաքականությունից հրաժարվելու հարցերը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:
«Քանի որ սա այս տարվա առաջին նստաշրջանն էր, իսկ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, մեր բոլոր պատվիրակներն իրենց ելույթներում անդրադարձել են այս հարցին՝ բոլորին հիշեցնելով Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, դատապարտելու և ժխտողական քաղաքականությունից հրաժարվելու մասին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նաղդալյանը:
Նա ընդգծեց, որ իրենք լիագումար նիստի ընթացքում օգտվել են Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելու հնարավորություններից՝ ելույթներ ունենալով օրակարգային այն հարցերի վերաբերյալ, որոնց շրջանակներում կարող էին այդ հարցերին անդրադառնալ: «Սակայն դրա համար լավագույն առիթը դեբատներն էին, որոնց ընթացքում պատվիրակներն ազատ կարող են խոսել այն խնդիրների մասին, որոնք այդ պահին իրենց մտահոգում են: Եվ այդ դեբատների ընթացքում ես, Արփինե Հովհաննիսյանը, Նաիրա Կարապետյանը խոսել ենք Հայոց ցեղասպանության մասին՝ հիշեցնելով, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որի հետ կապված աշխարհի տարբեր երկրներում հայկական Սփյուռքը բազմաթիվ միջոցառումներ է անցկացնելու: Մենք ընդգծել ենք, որ առաջադեմ հասարակությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ցեղասպանություններն այլևս չկրկնվեն, ինչի համար լավագույն եղանակը Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է»,- եզրափակեց Հերմինե Նաղդալյանը: