Ազգային Ժողովի հերթական քառօրյայի երկրորդ նիստին քննարկեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողության ժամկետը, որը սահմանված էր մինչեւ փետրվարի 1-ը, հետաձգել մինչեւ 2015 թ. հուլիսի 1-ը:
Հարակից զեկույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հարցրեց՝ արդյո՞ք մինչ օրս օգտագործվող ՀԴՄ-ների մեխանիզմը բավարար չէ շրջանառությունը ստուգելու համար.
«Սրանից լա՞վ ստուգման մեխանիզմ: Հիմա դա, եթե վերացնենք՝ մենք չենք կարող շրջանառության չափը ստուգել: Ինձ թվում է՝ կարող ենք ՀԴՄ-ներով ստուգել 58 միլիոնն անցավ, թե ոչ»:
Պատասխանելով պատգամավորին՝ Վարդան Այվազյանը նկատեց. «ՀԴՄ-ները ժիվոյ չեն, հոգեբանություն չունեն, ինքն իրան հո դուրս չի գալիս, սեղմում ես կնոպկեն, խփումա, պետք ա սեղմես, որ խփի:
Շրջանառության ֆիքսելու ձևերը եկեք քննարկենք, հավասար իրավունքներ ունենք»,- ասաց Վարդան Այվազյան և կոչ արեց միասին քննարկել և գտնել մեխանիզմներ, թե ինչպես կարող են ֆիքսել շրջանառությունը:
Ըստ պատգամավորի՝ տնտեսվարողները 12000 դոլար տեղի վարձ են վճարում, բայց 5000 դոլար շրջանառություն են ցույց տալիս, ինչն էլ անտրամաբանական է:
Արձագանքելով Վարդան Այվազյանին՝ Հովհաննես Մարգարյանը պնդեց, որ ՀԴՄ-ները բավարար են շրջանառությունը ստուգելու համար: