Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկին՝ Գերմանիայի նախկին Նախագահ, ակնառու պետական գործիչ և հումանիստ Ռիխարդ ֆոն Վայցզեքերի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Ռիխարդ ֆոն Վայցզեքերի մահը մեծ կորուստ է ոչ միայն Գերմանիայի, այլև համայն քաղաքակիրթ հանրության համար:
«Հիրավի, Ռիխարդ ֆոն Վայցզեքերը վառ անհատականություն էր, առաջադեմ գործիչ, որն ազգային և վերազգային բարոյական արժեքների հանդեպ իր մոտեցումներով ոչ միայն նպաստեց Գերմանիայի միջազգային դերի ամրապնդմանը, այլև անջնջելի հետք թողեց նախկին կոմունիստական վարչակարգի պետությունների հետ Գերմանիայի հաշտեցման և միջպետական հարաբերությունների կերտման գործում: Իր ողջ գործունեության ընթացքում նա առաջնորդվեց այն խոր հավատամքով, որ «ով աչքերը փակում է անցյալի վրա, կույր է նաև ներկայի հանդեպ»:
Անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդի հիշողության մեջ նրա անունը ընդմիշտ կմնա նաև որպես Գերմանիայի Նախագահ, որի օրոք մեր երկրների միջև հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ՝ հիմք դառնալով հայ-գերմանական միջպետական հարաբերությունների զարգացման համար:
Այս մեծ կորստի առթիվ խորին ցավակցություն եմ հղում Ձեզ, բարեկամ Գերմանիայի ժողովրդին և Ռիխարդ ֆոն Վայցզեքերի հարազատներին»: