Դատապարտյալների հարազատները կկարողանան առցանց գնումներ կատարել ՀՀ քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրողների համար:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ' փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը' նշելով, որ 2014 թվականին վարչությունում իրականացված բարեփոխումներից մեկն էլ էլեկտրոնային խանութի նախագծի ստեղծումն է, որը հանրությանը հասանելի կլինի 3-4 ամսից:

 

«Գաղափարն այն է, որ ցանկացած դատապարտյալի հարազատ, ով ցանկություն ունի որևէ ապրանք փոխանցել դատապարտյալին, կարող է առցանց գնումներ կատարել, որը ժամերի ընթացքում կհասնի դատապարտյալին: Սա հատկապես օգտակար է այն հարզատների համար, ովքեր գտնվում են ՀՀ-ից դուրս»,- ասաց Օսիպյանը:

 

Մի շարք ուղղություններով դրական ցուցանիշներ հնարավոր կլինի գրանցել: Նախագիծն ունի նաև հակակոռուպցիոն ուղղվածություն, քանի որ այս կերպ կնվազի դատապարտյալների, նրանց հարազատների և քրեակատարողական ծառայողների միջև շփումը և կկանխվի անցանկալի առարկաների ներթափանցումը ՔԿՀ-ներ:

 

Նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարության քննարկմանը: