Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանի կողմից ԱԺ պատգամավորի մանդատը վերցնելուց հետո փոխքաղաքապետի պաշտոնը թափուր է մնացել և, ինչպես և սպասվում էր, ՔՊ-ականները փորձելու են ձեռք գցել այս յուղոտ պատառը: Ովքե՞ր են այսօր տեսականորեն պայքարում այս պաշտոնի համար, անշուշտ ոչ թե անձամբ, այլ իրենց յուրայիններին առաջ մղելու միջոցով:

Իրավիճակը հասկանալու համար անհրաժեշտ է մի քանի ամիս հետ գնալ: Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո պարզ դարձավ, որ գործող մարզպետ և Գյումրիում ՔՊ-ի նախընտրական ցանկը գլխավորող Հովհաննես Հարությունյանը պաշտոնից հեռացվելու է։ Այդպիսի պահանջ էր ներկայացվել հենց Շիրակի մարզի ՔՊ տարածքային կառույցը։ Ուշագրավն այն է, որ ընտրություններից առաջ ձևավորված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Գյումրու տարածքային խորհրդի կազմը և արդեն այստեղ ակնհայտ էր ներթիմային բախումը: Գյումրու տարածքային խորհուրդը բաղկացած է 9 անդամից: Նախագահը իշխող թիմի՝ Շիրակի մարզի կադրային հարցերի կնքահայրն է՝ այժմ արդեն արտակարգ իրավիճակների նախկին փոխնախարար Կարեն Սարուխանյանը, քարտուղարը՝ Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, ով նախորդ խորհրդարանում, երբ Կարեն Սարուխանյանը պատգամավոր էր, նրա օգնականն էր, այն օգնականը, ով, օրինակ, սեփական կրեատիվ մտքերի բացակայությունը լրացնում էր, ասենք, Արմեն Աշոտյանի տեքստերը copy-paste անելով ու իր ղեկավարի էջում տեղադրելով: Ճիշտ է' Սարուխանյանը զիջեց դիրքերը հարազատ Ամասիայում ՔՊ-ի պարտությունից հետո, զրկվեց փոխնախարարի պաշտոնից, սակայն մարզում դեռևս չի հանձնվել: Եվ բնական է, որ կարող է նաև հավակնություններ ունենալ փոխքաղաքապետի պաշտոնում իր յուրային անձին առաջ մղելու հարցում, դա քաղաքական պայքարի տրամաբանության մեջ է:

Դիրքային պայքարում չի նահանջում նաև պաշտոնից ազատված Հովհաննես Հարությունյանը։ Ինչպես գիտենք, Գյումրիում քաղաքապետի տեղակալի պաշտոնին հավակնում էր ՔՊ-ի ցուցակի երրորդ համարը՝ Գյումրու «Ինֆեկցիոն» հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանը։ Այս հարցում շահագրգիռ էր անձամբ Հարությունյանը, սակայն, ինչպես գիտենք, հաջողության չհասավ։ Մամուլը գրել էր, որ այժմ էլ Բեյբությանին փորձում են առողջապահական հաստատության ղեկավար նշանակել, քանի որ «Ինֆեկցիոն» հիվանդանոցը լուծարվել և միացել է «Գյումրու» ԲԿ-ին, և տնօրենի պաշտոնից Բեյբությանը վերածվել է համակարգողի։ ԲԿ-ն յուրայիններով կոմպլեկտավորելը նույնպես պայքար է ազդեցության լծակների համար: Բացի այդ, մարզպետարանում դեռևս քիչ չեն, այսպես կոչված, Հովհաննիսյանի կադրերը, քանի որ Նազելի Բաղդասարյանը հապաղում է կադրային «չիստկա» կազմակերպելու հարցում:

Փոխքաղաքապետի աթոռի թափուր մնալը լավ հնարավորություն է նաև մարզպետ Նազելի Բաղդասարյանի համար, քանի որ ՏԻՄ ընտրություններից հետո նրան այդպես էլ չհաջողվեց իր եղբորը տեղավորել այս պաշտոնում, ինչից հետո Բաղդասարյանի եղբայրը անգամ ավագանու մանդատը վայր դրեց, սակայն ՔՊ -ից դուրս գալու հարցում հապաղում է: Չի բացառվում, որ նա ստանա երկրորդ շանսը և այս անգամ Բաղդասարյանի գործերը ավելի հաջող դասավորվեն:

Ինչպես հասկանում ենք՝ պայքարը նոր թափ է ստանում, իսկ այդ պայքարից տուժելու է միայն Գյումրին և գյումրեցիները, ում խնդիրները լուծելու փոխարեն իշխող կուսակցության անդամները զբաղված են աթոռակռվով...
Կիսվել