ԱՄՆ-ի հրեական կոմիտեի առաջնորդ Դեւիդ Հարիսի եւ նրա գլխավորած պատվիրակության' փետրվարի 2-ին Բաքու կատարած այցն ըստ ժամանակի համընկել է Բաքվի եւ Վաշինգտոնի միջեւ հարաբերությունների սրման հետ: Այժմ Բաքուն ձգտում է դրանց նորմալացմանը, ինչի նպատակով Վաշինգտոն է գործուղել խորհրդարանի հանձնաժողովներից մեկի նախագահ Սամեդ Սեիդովին եւ ԱՄՆ-ում լավ կապեր ունեցող պատգամավոր Ասիմ Մոլլազադեին: Բաքվի ներկայացուցիչների այցի կազմակերպիչների թվում նշվում են Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպաններ Ռ. Մորնինգսթարն ու Ռ. Ուիլսոնը: Ռուսաստանի հետ մերձենալու քայլեր կատարող Ադրբեջանի պատվիրակ Ս. Սեիդովը Վաշինգտոնում հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությունը Բաքվի համար ռազմավարական նախապատվություն է հանդիսանում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը հայտնում է, որ ԱՄՆ-ի հրեական կոմիտեի ղեկավարի' հենց այս օրերին այցը ցույց է տալիս, որ Բաքուն ցանկանում է Վաշինգտոնի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացին ներգրավել իր ավանդական դաշնակիցներին ու գործընկերներին:

 

«Ենթադրվում է, որ այդ ազդեցիկ լոբբիստական կազմակերպությունը կարող է օգնել ադրբեջանական իշխանություններին, ինչպես դա արել է նախկինում: Սակայն, կասկածելի է' կարո՞ղ է, արդյոք, երկկողմանի սրված հարաբերությունների ներկայիս փուլում արդյունավետ լինել այդ լոբբիստական կազմակերպության գործունեությունը», -նշում է թերթը:

 

Ադրբեջանցի քաղաքագետ Արաստուն Օրուջլուն այդ առնչությամբ թերթի հետ զրույցում տարակուսանք է հայտնել, թե ինչու է պաշտոնական Բաքուն ԱՄՆ-ի հետ երկկողմանի հարաբերություները նորմալացնելու հարցը փորձում կարգավորել հրեական լոբբիի միջոցով:

 

«ԱՄՆ-ի հրեական կոմիտեն բավականին ազդեցիկ կազմակերպություն է: Կասկած չկա, որ Հարիսի այցը պատահական չէ: Բայց, ցանկացած դեպքում, մեծ թվով խնդիրներ կան Ադրբեջանի ու ԱՄՆ-ի միջեւ, ինչի մասին Բաքվում նշել է նաեւ Հարիսը: Ստացվում է, որ Ադրբեջանի օգտին լոբբինգով զբաղվող բոլոր կառույցներն ու ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատունը, որը պետք է անմիջականաջորեն ղեկավարի այդ ուղղությունը, որեւէ լուրջ արդյունքների չեն հասել: Որոշակի աշխատանք է կատարվել, զգալի գումարներ են ծախսվել, բայց արդյունքներ չկան», -նշել է նա:

 

Ա. Օրուջլուի կարծիքով' ներկա իրավիճակում լոբբիստական կազմակերպությունը չի կարող վերացնել ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմանի հարաբերություններում առկա հակասությունները, եւ դա հնարավոր էլ չէ:

 

«Ես չեմ կարծում, որ անգամ այնպիսի ազդեցիկ կազմակերպությունը, ինչպիսին ԱՄՆ-ի հրեական կոմիտեն է, կարող է ազդել Վաշինգտոնի քաղաքականության վրա: Այս իրավիճակը ծնած լուրջ պատճառներ կան: Գլխավոր պատճառը Ռուսաստանի հետ Ադրբեջանի մերձեցումն է, ինչը կոնցեպտուալ խնդիր է, որն ի զորու չէ ուղղել լոբբիստական կազմակերպությունը: Մինչեւ այդ հարցում հիմնարար առաջընթաց չլինի, հրեական լոբբիի ջանքերն արդյունավետ չեն կարող լինել», -համոզմունք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետը:

 

Վաշինգտոնի վրա ազդելու համար հրեական գործոնից Բաքվի օգտվելու մասին է խոսում նաեւ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովի հայտարարությունն այն մասին, որ «Իսրայելի հետ լավ հարաբերությունները Ադրբեջանին օգնում են Վաշինգտոնում», ինչի մասին հայտնել էր The Jerusalem Post թերթը: