Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն այս տարի պատրաստվում է երեք կարեւորագույն իրադարձությունների: Ինչպես հայտարարեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն փետրվարի 4-ին հրավիրված ասուլիսում, առաջինը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցն է Հայաստան: «Երկրորդ կարեւորագույն իրադարձությունը Ռիգայում նախատեսված գագաթնաժողովն է' Եվրամիության եւ Արևելյան գործընկերության երկրների մասնակցությամբ: Գագաթնաժողովի ընթացքում կհստակեցվեն Հայաստանի հետ Եվրամիության համագործակցության գերակայությունները»,-ասաց դեսպանը:

 

Իսկ երրորդն իր նշանակությամբ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովն է, որը տեղի կունենա հոկտեմբերի վերջին: Հայաստանը որպես կազմակեպության լիիրավ անդամ կհյուրընկալի գագաթնաժողովը:

 

Կարեւորագույն այս միջոցառումները չեն ստվերի հայ-ֆրանսիական տնտեսական կապերի աշխուժացման նպատակով ծրագրվող միջոցառումները: Նորանշանակ դեսպանն իր եռամսյա առաքելության ու հանդիպումների ընթացքում ավելի հստակ է դարձել իր նպատակները, որոնք իր առջեւ դրել էր ի սկզբանե. տնտեսական հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը երկկողմ հարաբերությունների գերակա ուղղություններից մեկն է: «Առեւտրատնտեսական հարաբերությունները պետք է ավելի հագեցած դարձնել: Երկկողմ ապրանքաշրջանառությունը շուրջ 50 միլիոն եվրոյի է հասնում, որը շատ համեստ ցուցանիշ է: Պետք է ավելի աշխույժ գործի դնել այն գործիքները, որոնք առկա են»,-համոզված է Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Նա ընդգծում է, որ որպես գործիք ասելով նկատի ունի Ֆրանս-հայկական առեւտրաարդյունաբերական պալատը (գործում է Ֆրանսիայում), Հայ-ֆրանսիական գործարար ակումբը (գործում է Հայաստանում):

 

Դեսպանը ծրագրել է մայիսին Հայաստանում անցկացնել Ֆրանսիական գործարարության շաբաթ: Հիմնականում երկու շեշտադրությամբ' նորաձեւություն' հագուստ եւ դիզայն, և գինեգործության համար նախատեսված սարքավորումներ: «Սա կարեւոր շեշտադրում է և չի կարող չհետաքրքրել Հայաստանին, որտեղ գինեգործությունն արդյունաբերության զարգացած ճյուղերից է»,-ասաց Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: Դեսպանությունը Հայաստանում կկազմակերպի նաև հայ-ֆրանսիական գործարար երկրորդ ֆորումը. առաջինը եղել է նախորդ տարի մայիսին: