Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը չի խոչընդոտի Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին: Այս մասին փետրվարի 4-ին հրավիրված ասուլիսի ժամանակ հայստնեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն' հավելելով, որ մինչ օրս չի հանդիպել հակառակը փաստող վերլուծության կամ հաշվարկների:

 

«Ես այնպիսի տպավորություն չունեմ, որ Հայաստանի' վերջերս ուժի մեջ մտած անդամակցությունը ԵՏՄ-ին ինչ-որ ազդեցություն թողած լինի ԵՄ-Հայաստան հարաբերությունների վրա: Առևտրային տեսանկյունից ԵՏՄ նկատմամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունները թեպետ մեծ են, բայց, ընդգրկուն այդ պարտավորություններով հանդերձ, կան ճյուղեր, որտեղ կարելի է անդամակցությանը զուգահեռ Եվրամիություն-Հայաստան մակարդակով ծավալել համագործակցություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց Ֆրանսիայի դեսպանը:

 

Նա փաստեց, որ կան այնպիսի ճյուղեր, օրինակ էներգետիկան, որի շրջանակում համաոգործակցությունն ավելի մեծ թափով կընթանա ԵՏՄ շրջանակում, և ԵՄ-ի հետ գործակցության հնարավորությունները կարող են շատ չլինել: «Ամեն դեպքում կան ճյուղեր, որտեղ իսկապես հնարավորություն կլինի շարունակելու համագործակցությունը, և դա կլինի Ռիգայի գագաթնաժողովում քննարկվելիք հարցերից մեկը»,- ասել է դիվատագետը' կարևորելով այն, որ պետք է հստակ պատկերացում ունենալ, թե որոնք են լինելու այն ոլորտները, որտեղ անխաթար կարող է աշխատել ԵՄ-Հայաստան համագործակցությունը:

 

Դեսպանը կարևորեց հանգամանքը, որ Հայաստանի արտաքին առեւտրի 29 տոկոսը բաժին է հասնում Եվրամիություն-Հայաստան առեւտրատնտեսական հարաբերություններին: