Փոքր և միջին բիզնեսի զարգացմանը նպաստելու համար հարկավոր է նրանց որոշակի ազատություն տալ:

 

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԲՀԿ պատգամավոր տնտեսագետ Միքայել Մելքումյանը' ընդգծելով, որ Հայաստանում հարկային հաշվետվություն ներկայացնող 80 հազար ձեռներեցներից 67 հազարը փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ են: «Ես դեմ չեմ փաստաթղթավորմանը, բայց միայն շեմի բարձրացման դեպքում: Իսկ ստուգումները պետք է լինեն այնքան, որ դիսկոմֆորտ չստեղծվի բիզնեսների համար: Գուցե փոքր բիզնեսը իսկապես նվազեցնում է հաշվետվությունները, բայց փաստ է, որ այլ կերպ հնրավոր չէ: Եթե նրանք հարկեր վճարեն ամբողջ շրջանառությունից, ապա չեն դիմանա եւ կփակվեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Մելքումյանը:

 

Նա նշեց, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի հետ կապված խնդիրներից հետո մարդիկ հասկացան, որ Կառավարության գործողությունները բավարար չեն դրան լուծում տալու համար: «Հարկային քաղաքականությունը ճիշտ ուղիով չի գնում, իսկ օրենքի կիրառության հետաձգումը ցույց տվեց, որ ժողովուրդը կարող է հարց լուծել»,- ասաց նա:

 

Ազգային ժողովը մինչև հուլիսի 1-ը հետաձգել է «Շրջանառության հարկի մասին» օրենքում պարտադիր փաստաթղթավորման պահանջը: «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը խորհրդարանի արտահերթ քննարկմանն էր ներկայացրել ՀՀ կառավարությունը: Օրենքի նախագծով առաջարկվում էր մինչև հուլիսի 1-ը հետաձգել պարտադիր փաստաթղթավորման պահանջը, ինչպես նաև առաջարկություններ էին ներկայացվել օրենսդրական փոփոխության հիմնական գործառույթների իրականացման համար, ինչն առաջացրել էր շատ տնտեսավարողների դժգոհությունը: