Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները չեն կարող հետք չթողնել նաև լիբանանահայ համայնքի վրա: Ցավոք, դիտարկելով ողջ տարածաշրջանը, կտեսնենք, որ ոչ միայն լիբանանահայությունը, այլ նաև ողջ քրիստոնյա բնակչությունն է աստիճանաբար նվազում Մերձավոր Արևելքում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք արտահայտեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի վարիչ Լիլիթ Հարությունյանը:
«Եթե 1970-ականներին Լիբանանում մենք ունեինք 250 հազարին հասնող համայնք, որը լուրջ քաղաքական, հասարակական և մշակութային գործոն էրայդ երկրում, ապա ներկայումս ոչ պաշտոնական տվյալների համաձայն այնտեղ բնակվում են 50-60 հազար հայեր, սակայն թիվը կարող է և չհամապատասխանել իրականությանը»,- ցավով նշեց Լիլիթ Հարությունյանը:
Շարունակելով խոսել Լիբանանի քաղաքականության առանձնահատկությունների մասին' պատմական գիտությունների թեկնածուն նկատեց, որ Լիբանանն իրականում բավականին բարդ երկիր է, բարդ է հասկանալ այն, քանի որ էթնո-դավանաբանական պետություն է, և դրա կառավարման սկզբունքում դրված է վերջինը:
«Կախված այն բանից, թե դու որ համայնքին ես պատկանում, ըստ դրա դու ունես որոշակի կարգավիճակ հասարակական և քաղաքական կյանքում: Երկրի նախագահը պետք է լինի հստակ մարոնի քրիստոնյա, վարչապետը՝ սունի մուսուլման: Սակայն Լիբանանում կայուն և ազդեցիկ հիմքեր ունի հըզբոլահը, որպես շիական կազմակերություն», - ասաց Լիլիթ Հարությունյանը:
«Արմենպրես»-ի այն հարցին, թե, այնուամենայնիվ, որքա՞ն մեծ է հնարավորությունը, որ Լիբանանը հայտնվի Սիրիայի վիճակում, արաբագետն ասաց, որ Լիբանանը շատ ճկուն երկիր է, Սիրիա չի դառնա: