Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշմամբ կարող է Մերձավոր Արևելքում անկայունության ևս մեկ օջախ հասունանալ: Ինչպես նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը, Թրամփի այս քայլը վտանգավոր է և հղի բացասական հետևանքներով:
«Կարող ենք ականատես լինել անկանխատեսելի դժգոհությունների պաղեստինցիների կողմից, որոշ երկրների ու Իսրայելի, ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վատթարացման, ապստամբության հնարավորության: Դրանից բացի, կարող է լինել ԱՄՆ-ի վարկի անկում արաբամուսուլմանական աշխարհում: Այս քայլը պաղեստինյան հիմնախնդրի լուծման գործում հանգեցնում է ԱՄՆ-ի միջնորդական դերակատարության ձախողման: Նման միակողմանի որոշմամբ ԱՄՆ-ը դուրս է մնում գործընթացից, այն պրոիսրայելական որոշում է: Նաև խախտում է միջազգային իրավունքի նորմերը: Երուսաղեմի վերաբերյալ գոյություն ունի ՄԱԿ-ի բանաձև առ այն, որ մինչև խնդրի կարգավորումը, քաղաքը պետք է մնա չեզոք»,-ասաց Արմեն Պետրոսյանը:
Արաբագետը նշեց, որ Թրամփն այս որոշմամբ փորձում է իրեն նախորդած կառավարություններից, իշխանություններից ինչ-որ էական բանով տարբերվել, նոր խոսք ասել տասնամյակներ շարունակվող հակամարտության մեջ:
«Այս քայլով նոր անկայունության օջախ է հասունանում: Դժգոհությունների ֆոնին չեն բացառվում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումները: Պետք է հասկանալ, որ Երուսաղեմը արաբամուսուլմանական աշխարհի համար զգայուն հարցերից մեկն է: Պատահական չէր, որ վերջին շրջանում դիվանագիտական դաշտում արաբական որոշ երկրներ ակտիվացան, փորձում էին կանխել այս քայլը: Ըստ իս` ամեն դեպքում Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելն ավելի նեղ խմբի որոշում է: Չեմ կարծում, որ արտաքին քաղաքականության բոլոր մարմինները համաձայն են նման որոշման»,-ասաց Արմեն Պետրոսյանը` նշելով, որ ստեղծված իրավիճակից կարող են օգտվել տարածաշրջանում հավակնություններ ունեցող Ռուսաստանն ու Չինաստանն` իրենց դիրքերն ամրապնդելու համար:
Դժվար ժամանակներ են սկսում նաև Իսրայելի համար: Արաբագետը նկատեց, որ առաջին հայացքից թվում է, թե ԱՄՆ-ի այս քայլը դրական է, սակայն ակնհայտ է, որ բավական լուրջ քաղաքական, դիվանագիտական արշավ է սկսվելու Իսրայելի դեմ: ԱՄՆ-ը նման քայլով ոչ թե մոտեցնում է խնդրի կարգավորումը, այլ հակառակը` հեռացնում:
«Ամեն դեպքում ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը չի նշանակում, որ աշխարհն է ճանաչում: Քիչ հավանական է, որ աշխարհաքաղաքական խոշոր դերակատարները կգնան նման քայլի»,-հավելեց նա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հանդես եկավ հայտարարությամբ՝ Երուսաղեմը ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք և հաստատելով ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու ծրագիրը: Թրամփը նշել է, որ կատարում է նախընտրական քարոզարշավի ժամանակ տված խոստումը: ԱՄՆ Կոնգրեսը 1995-ին որոշում էր կայացրել էր Իսրայելի մայրաքաղաքը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու վերաբերյալ, սակայն ԱՄՆ նախագահները վեց ամիսը մեկ հետաձգում էին այս որոշման իրագործումը` արաբական և մահմեդական աշխարհի միջև լարվածությունը չսրելու համար: