Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Միացյալ Նահանգների ղեկավարության կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հանգամանքը կարող է քաոս առաջացնել տարածաշրջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին ԱԳ նախարարը խոսել է Բրյուսելում, որտեղ մասնակցում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:
«Դա մեծ սխալ կլինի: Տարածաշրջանին կայունություն և խաղաղություն բերելու փոխարեն այն քաոս կառաջացնի: Այս հարցում Թուրքիայի դիրքորոշումը հայտնի է»,- ասել է Չավուշօղլուն:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ տվյալ նախաձեռնությունն ուղղված է ոչ միայն մուսուլմանական աշխարհի, այլև ընդհանրապես ողջ աշխարհի դեմ: Նախարարը նշել է, որ այս մասին թուրքական կողմի տեսակետը հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպման ժամանակ:
Նախօրեին խնդրի առնչությամբ հայտարարությամբ էր հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով ընդգծել էր, որ եթե ԱՄՆ-ն ճանաչի Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, ապա դա կարող է պատճառ դառնալ թուրք-իսրայելական հարաբերությունների խզման համար: «Երուսաղեմը մուսուլմանների համար կարմիր գիծ է: Այս ամենը կարող է հանգեցնել Իսրայելի հետ մեր հարաբերությունների դադարեցմանը: Այստեղից ևս մեկ անգամ հորդորում ենք ԱՄՆ-ին զերծ մնալ նման քայլի գնալուց: Դուք չեք կարող նման բան անել: Նման քայլի պարագայում մենք 5-10 օրվա ընթացքում Ստամբուլում կհրավիրենք Իսլամական համագործակցություն կազմակերպության գագաթնաժողով, որի ժամանակ շարժման մեջ կդնենք ողջ իսլամական աշխարհը»,- հայտարարել էր Էրդողանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին նախատեսված ելույթում Երուսաղեմ քաղաքը նախատեսում է հայտարարել որպես Իսրայելի մայրաքաղաք։ Սպիտակ տան երկու պաշտոնյաներ ասել են, որ Թրամփն այս որոշմանն է հանգել անցած երկուշաբթի օրը ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ հանդիպումից հետո։